«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում կազմակերպության անդամ Արսեն Խառատյանին և նրա ընտանիքին, ինչպես նաև բոլոր հասարակական գործիչներին, կառույցներին ու քաղաքացիական խմբերին, որոնց նկատմամբ վերջին ժամանակներում իրականացվում է թիրախային արշավ խուլիգանական մի շարք դրսևորումներով աչքի ընկնող խմբակների կողմից։
«Ակնհայտ է, որ 2018 թվականի ժողովրդական հեղափոխության և ազատ ու արդար ընտրությունների արդյունքում իշխանությունը կորցրած և ներկայում քաղաքական դաշտում իրենց տեղը չգտնող կոռումպացված գործիչները, նրանց փոխկապակցված անձինք ու հովանավորները պատերազմ են հայտարարել ինչպես ներկայիս ղեկավարող քաղաքական ուժին, այնպես էլ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, մտքի, գիտելիքի, ազնվության արժեհամակարգը կրող ու առաջնորդող այն անձանց ու կազմակերպություններին, որոնց տարիների ջանքերն ու նվիրվածությունը սերունդներ են կրթել ու փոխել Հայաստանում՝ հասունացնելով ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կերտման մարդկային պոտենցիալը, ինչն այսուհետ անհնարին է դարձնելու վերադարձն անցյալին։
Ցավով արձանագրում ենք, որ 2018 թվականից Հայաստանում օրեցօր ահագնանում է քաղաքական ագրեսիան, որին նպաստում են ոչ միայն ոստիկանության և այլ իրավապահ կառույցների ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը կամ մարդու իրավունքների խախտումներին ու բռնությանը ոչ պատշաճ արձագանքելը և հակազդելը, այլև այն, որ ղեկավարող քաղաքական ուժը մինչ օրս հանդուրժողականություն է դրսևորել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումների, խտրականության ու ատելության ջատագով, ընդհուպ՝ ֆաշիստական գաղափարներ տարածող, այդ թվում՝ իրենց որպես հեղափոխության «պահապաններ» դիրքավորող կասկածելի խմբակների նկատմամբ։ Սա է հիմնական պատճառը, որ դրանք օրեցօր ավելի կազմակերպվում են, ձեռք են բերում ավելի մեծ ինքնավստահություն, օգտագործում են ավելի հանդուգն ու ագրեսիվ մեթոդներ՝ ընդլայնելով թիրախների ու զոհերի շրջանակը։
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող զարգանալ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ սոցիալական առումներով, քանի դեռ երկրի ղեկավարությունը չի ձեռնարկել գործուն միջոցներ՝ երաշխավորելու անվտանգ միջավայր իր քաղաքացիների համար։ Այս ամենն այսօր արդեն ազգային անվտանգության խնդիր է և սպառնալիք՝ երկրի կայունությանը:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ՝ ձեռնարկել քայլեր՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը և պատշաճ արձագանքելու հանցավոր խմբերի գործողություններին։
Պահանջու՛մ ենք իրավապահ մարմիններից՝ հետևողական իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները և պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների ոտնահարումների, վերբալ կամ ֆիզիկական բռնության ու ատելության խոսքի դրսևորումները։
Ակնկալու՛մ ենք, որ պատշաճ ստուգման կենթարկվեն և կհրապարակվեն հանցավոր խմբերի ֆինանսավորման աղբյուրներն ու համապատասխան քաղաքական կապերը։
Պահանջու՛մ ենք, որ իրավապահ մարմիններն ամբողջովին մաքրվեն ապօրինի հարստություն դիզած, երբևէ բռնությունների մասնակից եղած և հանցագործների հետ իրենց ընկերական կապերը պահպանող ու տեղեկատվության արտահոսք ապահովող պաշտոնյաներից։
Հորդորու՛մ ենք բոլոր, և հատկապես՝ իշխող, քաղաքական ուժերին և գործիչներին՝ ձեռնպահ մնալ վիրավորական ու սպառնալիք պարունակող, ատելության խոսք ու բռնություն ծնող արտահայտություններից, քանզի նրանց վարքագիծը օրինակ է ծառայում բազմաթիվ քաղաքացիների համար, և իրենց քաղաքական խոսքն ու գործունեությունը կառուցել փաստարկների ու օրենքով սահմանված իրենց լիազորությունների տիրույթում»,- նշված է հաղորդագրության մեջ։