Սեպտեմբերի 21. պատասխանատվության օրը

Վահրամ Թոքմաջյան

Երբ դպրոցական էինք, բոլոր հանդեսներին անպայման արտասանում էին Համո Սահյանի հայտնի տողերը.

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, 

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…

Լավ ասմունքողները պետք է հուզեին հանդիսականներին։ Իսկ լավ ասմունքողներ կային։ Ես չգիտեմ, թե ինչ առիթով է գրել Սահյանն այդ բանաստեղծությունը։ Չգիտեմ նաև՝ գնացողի մտորումներո՞վ է գրել, թե՞ մնացողի վճռականությամբ։ Բայց Սահյանը մնացել է։ Չի գնացել։

Անկախությունը մնացողի համար է։ Մարդու համար։ Բնավ պետք չունեմ մեղադրելու գնացողին։ Յուրաքանչյուրն իր ճակատագրի տերն է։ Լավ օրից չեն գնացել։

Սակայն անկախությունը, պետությունը պահում են մնացողները։ Ի՞նչ տվեց մեզ անկախությունը։ Անկախությունը մեզ տվեց ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Անկախությունը նաև այն բանի համար էր, որ սեփական հաջողությունների բերկրանքը լիարժեք վայելենք, իսկ պարտությունների մեղքն այլոց վրա չբարդենք։

Անկախության կենտրոնում և առանցքում մարդն է, քաղաքացին։ Հայաստանի համար հոգ տանող քաղաքացին։ Հայաստանի բեռի համար իր չափով պատասխանատու քաղաքացին։

Արդյոք հասե՞լ ենք սոցիումի բարձրագույն մտածողության ձևին՝ քաղաքացուն։ Դժվար է ասել։ Կարծում եմ՝ մեծ հաշվով դեռ երկար ճանապարհ ունենք։ 

Երկար ճանապարհի կարճ սկիզբն անկախություն բերած սերնդին արժևորելն է նաև։ Անկախ հետագայի տարաձայնություններից, ուղիներից, դրանց փնտրտուքից ու տարատեսակ գործողություններից, մենք դեռ չենք արժևորել մեզ անկախություն բերողներին։

Բացառապես բոլորին հայհոյում ենք ու հատվածաբար՝ ըստ ճաշակի։ Անկախությունը երևութական հասկացություն չէ։

Այն նախևառաջ մարդիկ են ու գիտակցումը՝ անկախի։ Այն քաղաքացին է ու սեփական պետությունը երեխայի նման փայփայող անհատը։ 

Շատ հեշտ է լինել կայսրության քաղաքացի։ Կայսրությունը խոպան է, փողի աղբյուր։ Վայր, որտեղ չունես պատասխանատվություն։

Այն քեզ խնամում է, պաշտպանում, փող տալիս, հոգում կարիքներդ։ Սրան հակոտնյա է լինել փոքր պետության քաղաքացի։ Հոգսը շատ է, պատասխանատվությունը՝ մեծ, հնարավորությունները՝ քիչ։

Բայց նաև դյութիչ է գուրգուրել սեփականն այնպես, ինչպես ֆիզիկական ծանր աշխատանքից հետո հացն է համով ուտվում։

Ի՞նչ կուզեի։ Ազատության հրապարակի, 88-ի հրապարակի տոնը, ծեսը, համերաշխությունը, որը մեզ տվեց անկախություն, ունենալ արդեն անկախ Հայաստանում։

Փոխըմբռնող ու միմյանց վստահող հասարակություն, սեփական պետականությունն արժևորող, այլ ոչ ստրկության կարոտ քաղաքացի։

Շնորհավո՛ր տոնդ, անկախության գիտակցումի տե՛ր Քաղաքացի։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am