«Մակրոնը ստացած ձայների քանակով առաջին տեղում է, բայց երկրորդ փուլը շատ վտանգավոր է, որովհետև անորոշություն է». Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը բացառիկ է համարում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները:

«Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բավական բացառիկ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասում է Փափազյանը:

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների ավելի քան 27 տոկոսը, նրա հիմնական մրցակիցը՝ ֆրանսիացի ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը՝ մոտ 24 տոկոս, երրորդ տեղում էր ծայրահեղական ձախերի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 22 քվեների տոկոսով, չորրորդ հորիզոնականում էր աջակողմյան պոպուլիստ Էրիկ Զեմուրը՝ քվեների 7 տոկոսով։ Ընտրություններին մասնակցած մյուս ուժերը՝ ֆրանսիական ավանդական կուսակցությունները՝ սոցիալիստներն ու պահպանողականները, խոշոր պարտություն են կրել. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, շուրջ 2 տոկոս ձայն է ստացել, կենտրոնամետ աջերի թեկնածու Հանրապետական կուսակցությունից Վալերի Պեկրեսը՝ 4,75 տոկոս։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ապրիլի 24-ին տեղի կունենա երկու թեկնածուների միջև, ինչպես նախորդ՝ 2017-ին անցկացված ընտրություններում էր՝ Էմանուել Մակրոնի և ազգայնական Մարին Լը Պենի։

Ֆրանսիայի հայ համայնքը և, մասնավորապես, Մուրադ Փափազյանը հույս ունեն, որ այս ընտրություններում ևս կհաղթի գործող նախագահ Մակրոնը:

«Ճիշտ է, գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացած ձայների քանակով առաջին տեղում է, բայց երկրորդ փուլը շատ վտանգավոր է, որովհետև անորոշություն է: Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ նրա օգտին այս պահին կքվեարկի ընտրողների 48-52 տոկոսը: Բայց դեռ երկու շաբաթ կա մինչև ընտրությունների երկրորդ փուլը: Իմ անձնական կարծիքով՝ Էմանուել Մակրոնը պետք է հաղթի, բայց՝ շատ քիչ տարբերությամբ»,- ասում է Փափազյանը:

Ապրիլի 20-ին կայանալիք հեռուստաբանավեճը, նրա խոսքով՝ կարող է վճռորոշ լինել. «Այդ բանավեճը կորոշի՝ ով կհաղթի ապրիլի 24-ին»:

Ֆրանսիայում կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը և դրանից հետո սկիզբ առած սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, Փափազյանի համոզմամբ՝ հիմքեր են ստեղծել ծայրահեղական ուժերին պոպուլիստական ընտրապայքար մղելու համար:

«Գիտենք, որ պոպուլիստական ուժերը շատ վտանգավոր ու անպատասխանատու կարող են լինել երկրի համար, և դրա հետ մեկտեղ ծայրահեղ աջ ու ծայրահեղ ձախ ուժերը միասին մեծամասնություն են կազմում Ֆրանսիայի մեջ: Մելանշոնը, Լը Պենը, Զեմուրը օգտագործեցին ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, քննադատեցին և դրա հիման վրա ստացան քվեներ»,- նշում է ֆրանսահայ գործիչը:

Նրա խոսքով՝ հայ համայնքը Լը Պենի հետ որևէ հարաբերություն չունի, քանի որ «մերժում է ծայրահեղական ուժերին և հատկապես ծայրահեղ աջերին»: Ըստ Փափազյանի՝ եթե ծայրահեղ աջերը իշխանության գան, երկրի վրա դա շատ վատ ազդեցություն կունենա, «Ֆրանսիայի դերը միջազգային ընտանիքում կտկարանա», կառաջանան նոր խնդիրներ, երկիրը կընկնի խոր ճգնաժամի մեջ:

«Երկրում իր նկատմամբ բոլոր դժգոհություններով հանդերձ՝ պետք է ընդունել, որ Էմանուել Մակրոնի հետ վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հետ կանոնավոր կապ է եղել: Նա միշտ լսել է մեզ, հաճախ հանդիպել է մեզ հետ, ներկա է եղել համայնքի տարեկան ընթրիքին, ընդառաջել է մեր պահանջներին և այլն: Ֆրանսիան աշխարհի հինգերորդ պետությունն է, և այս պետության հետ մենք ունենք քաղաքական հարաբերություններ»,- ընդգծում է Մուրադ Փափազյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am