Ինչո՞ւ են ուշանում Երևանի նոր հանրային ավտոբուսները. Fip.am

Նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում հունվարի կեսից հանրային նոր ավտոբուսներ կերթևեկեն։

Քաղաքապետի փոխանցմամբ` համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: 

Բացի այդ, նա նաև տեղեկացրել էր, որ դեկտեմբերի կեսին կրկին համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև միջին տարողության՝ 8․5 մետր երկարությամբ 161 հատ ավտոբուսների գնման համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչու նոր ավտոբուսները մինչ օրս չեն երթևեկում։ 

Նոր հանրային ավտոբուսները կերթևեկեն առաջիկա օրերին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ մեքենաները տրանսպորտային գծում կլինեն մոտակա մի քանի օրերի ընթացքում։ 

«Երթևեկության համար ամեն ինչ պատրաստ է՝ և՛ ընտրված նոր վարորդները, և՛ նրանց հանդերձանքը, և՛ գծերն են մշակված, և՛ մեքենաներն են պատշաճ վիճակի բերված։ Մի քանի օրերի ուշացման պատճառը փոքրիկ տեխնիկական խնդիր է՝ մեքենաներում վճարային համակարգի տեղադրման հետ կապված»,- ասաց Հակոբ Կարապետյանը։ 

Ըստ նրա, նախապես որոշում էր կայացվել, որ գիծ մտած նոր մեքենաների դեպքում էլ վճարումը կկատարվի ինչպես մինչև հիմա է՝ վարորդներն առձեռն կստանան գումարը։ 

«Բայց հընթացս որոշում կայացվեց, որ ավելի լավ է հենց սկզբից նոր վճարային  հնարավորություններով մեքենաները երթևեկեն, այսինքն՝ վարորդի և ուղևորի միջև շփում չլինի, և վարորդը դրամ հավաքելու գործառույթ չիրականացնի։ Կդրվի արկղիկ, որտեղ վճարումը կկատարվի, հետագայում արդեն էլեկտրոնային վճարման հնարավորություն կստեղծվի»,- ասաց նա։ 

Բացի նոր դրամահավաք արկղիկից, մեքենաների սրահում նաև տեսախցիկներ կլինեն։ 

«Այս գործընթացը՝ սարքավորումների ներկրումը, փաստաթղթային ձևավորումը,  որոշակի լրացուցիչ ժամանակ պահանջեց, և չնախատեսված մի քանի օրվա ուշացում ունեցանք։ Կարելի էր առանց դրանց ավելի շուտ կազմակերպել երթևեկությունը, բայց որոշում կայացվեց սպասել ևս մի քանի օր և տեխնիկական միջոցներով կահավորելուց հետո նոր երթևեկություն սկսել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մեքենաների հաջորդ խմբաքանակներին, ապա Հակոբ Կարապետյանն ասաց, որ դրանք ըստ պայմանագրի պետք է ներկրվեն մինչև մարտ ամիս։ Իսկ միջին տարողության 161 հատ ավտոբուսի գնման համար հայտարարված մրցույթն արդեն կայացել է։

Նելլի Լազարյան

Fip.am