2020-ին առաջին անգամ ԲՏԱ նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր․ Հայկ Չոբանյան

2020-ին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր․ նախարարության կողմից պատվիրվել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ մեր ոլորտի կազմակերպություններին, որը պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակով, նշել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

Այդ մասին հայտնում են նախարարությունից։

ԲՏԱ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախարարությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ:

«Պատվերները կամ կոնկրետ ծրագրերը կարող են լինել ռազմարդյունաբերական, բայց ձեռնարկությունները կարող են չլինել ռազմարդյունաբերական: Մեր նպատակն է, որ արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք այս տարիների ընթացքում մասնագիտացված են եղել ռազմարդյունաբերության ոլորտում, ներգրավվեն նաև բարձր տեխնոլոգիական պատվերների ներքո: Ռազմարդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել, պետք է խոսել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման մասին, որն իր հետևից կբերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը»,-նշել է Հայկ Չոբանյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 2֊ին Ազգային ժողովի տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԲՏԱՆ 2020 թվականի բյուջեի կատարողականը: