ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելուն. Bloomberg

Արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Firebird ստարտափը ստացել է ԱՄՆ կառավարության համաձայնությունը՝ Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու համար։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը` այս քայլը կարևոր շրջադարձ է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար։

Bloomberg-ը նշում է, որ Nvidia-ի դեռ հունիսին հայտարարված ջանքերը թույլ կտան տարածաշրջանում հիմնել ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը։ Նախագիծը նախատեսում է 100 մեգավատ հզորությամբ օբյեկտ, որի սկզբնական ներդրումները կհասնեն 500 մլն դոլարի։ Կենտրոնը կօգտագործի Dell Technologies-ի ԱԲ սերվերներ և Nvidia-ի վերջին սերնդի Blackwell պրոցեսորներ։ Նախագծի առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին, նշել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը։

Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսը կօգտագործեն հայաստանյան ընկերությունները, իսկ մնացած 80 տոկոսը՝ տարածաշրջանում գործող ամերիկյան ձեռնարկությունները։ Նախագծի առաջին փուլը ֆինանսավորվելու է ընկերության ներգրաված վարկային միջոցներով և բաժնետիրական կապիտալով։ Հովակիմյանը նշել է, որ Firebird-ին աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Firebird-ը Nvidia-ի բազմաթիվ գլոբալ գործընկերներից է, որոնք ձգտում են ստեղծել առաջատար տվյալների մշակման կենտրոններ տարբեր տարածաշրջաններում։ ԱՄՆ կառավարության հաստատումը տրվել է ԱԲ առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին։