«Կիկոսի մահի սկզբունքով չենք գնալու, երբ լինի իրավիճակը, լուծումը հստակ կտրվի». Վահագն Հովակիմյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը

– Պարո՛ն Հովակիմյան, սահմանադրական հանրաքվեից առաջ եթե 7 դատավոր հրաժարական է տալիս, կարո՞ղ ենք ասել, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, պետք է տեղի ունենա, քանի որ այս առումով կա օրենսդրական բաց: Իշխանությունը հաշվարկներ արե՞լ է:

– Համոզված եղեք, որ բոլոր հաշվարկներն արված են, բայց իրավիճակը գնահատելու և քայլ անելու համար մենք պետք է ունենանք այդ իրավիճակը: Այս ընթացքում բազմաթիվ անգամ առիթ է եղել, և ես ասել եմ, որ Կիկոսի մահի սկզբունքով չենք գնալու: Երբ լինի իրավիճակը, լուծումը հստակ կտրվի: Այսինքն՝ չի կարող լինել իրավիճակ, որը չունենա իրավական լուծում: Սա միանշանակ է:

– Բայց նշվում է, որ կա օրենսդրական բաց այս առումով:

– Տվյալ դեպքում, երբ լինի իրավիճակը, մենք կտանք նաև իրավական լուծումը:

– Իսկ դուք բացառո՞ւմ եք այն փաստը, որ ՍԴ դատավորները կարող են փաստի առաջ կանգնեցնել իշխանություններին:

– Ես ոչինչ բացառել չեմ կարող, բայց կոնկրետ իրավիճակը պիտի ունենանք, որ կարողանանք լուծումը տալ: Քանի դեռ չկա նման իրավիճակ, տեսականորեն ասել, որ այսպիսի լուծում կտանք, ես սխալ եմ համարում, որովհետև դառնում է կեղծ օրակարգ: Այսօր մենք ունենք հանրաքվե և պատրաստվում ենք հանրաքվեի:

– Բացի այս տարբերակից, որ դատավորները կարող են օգտվել վաղաժամ կենսաթոշակի ձեր նախաձեռնությունից, այս առումով նույնպե՞ս հաշվարկներ են արվել:

– Իհարկե: Այստեղ ամեն ինչ հաշվարկված է, ամեն ինչ տեսանելի է: 

– Եթե հանրաքեի նախօրեին է ՍԴ դատավորների կազմը փաստի առաջ կանգնեցնում, ստացվում է՝ այդքան գումար իզո՞ւր է վատնվելու:

Հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման ամենաառանցքային ճանապարհներից է: Երկու տարբերակ կա՝ ընտրություն և հանրաքվե: Այս գործընթացների վրա ծախսված գումարը երբեք անիմաստ չէ, քանի որ ավելի իմաստավոր գումարի ծախսում, քան ժողովրդի իշխանության իրացումն է, դուք չեք կարող մատնանշել: 

Ժողովրդի իշխանությունն անընդհատ ստորադասել և ասել, որ դա կարևոր չի, նախկին իշխանությունների գործելաոճն է, և դրանով էին հիմնավորում ընտրությունների կեղծումը: Ժողովրդի ձեռքից այդ որոշում կայացնելն անընդհատ խլվում էր: Ի վերջո հասան նրան, որ ժողովուրդը չպետք է որոշի:

– Հանրաքվեի այս տարբերակը, ըստ էության, մեզ մոտ առաջին անգամ է կիրառվում: Համենայնդեպս, եթե հրաժարական են տալիս, հանրաքվեն տեղի՞ է ունենում: 

– Օրենսդրական բաց շատ տեղերում կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ խնդրի իրավական լուծում չկա: Դրա համար ես ասում եմ, որ խնդրի լուծման մասին չեմ խոսի, որովհետև մենք այսօր չունենք այդ իրավիճակը: Եթե ունենանք այդ իրավիճակը, ես առարկայական կխոսեմ լուծման մասին: 

Նույնկերպ երբ հարցնում էին, թե կա ՍԴ ճգնաժամ, ես դրա մասին չէի խոսում: Ասում էի, որ լուծում գոյություն ունի: Ուղղակի դեռ այդ լուծմանը գնալուն չէինք հասունացել, որովհետև ունեինք տարբերակներ, որոնք դեպքում ՍԴ անդամները իրենք էլ կարող էին մասնակցել ճգնաժամի հանգուցալուծմանը: 

Երբ բոլոր հնարավոր տարբերակները կսպառվեն, նոր կգայինք վերջին լուծմանը, որին և եկանք:

– Եթե խնդիրը լուծվում է, ապրիլի 5-ին քաղաքացին գնո՞ւմ է ընտրատեղամաս:

– Երբ փետրվարի 27-ին մենք ունենանք նման իրավիճակ, համոզված եղեք, շատ օպերատիվ մենք խնդրին իրավական լուծում կտանք:

– Դուք նշում եք, որ օրենսդրական բաց չկա՞:

Ես գտնում եմ, որ ցանկացած օրենսդրական բաց ունի իրավական լուծում: Նույն ՍԴ-ի ճգնաժամի հետ կապված կար օրենսդրական բաց, և դա ունեցավ լուծում:

– Պարո՛ն Հովակիմյան, այսօր ՀՀԿ-ն դիմեց և ձևավորեց «Ոչ»-ի շտաբ: Ըստ էության՝ քաղաքական ուժերի միավորում չէ դա, այլ իրավաբանների, փաստաբանների, պաշտպանների և այլն: Լուրջ մրցակցություն սպասվո՞ւմ է:

Նախ կխնդրեի «իրավապաշտպան» եզրույթը այս պարագայում չօգտագործել: Վերջինս շատ վեհ մարդկանց մասին է խոսում, ովքեր իրենց կյանքը նվիրում են անարդարության դեմ պայքարին և իրավունքի պաշտպանությանը:

Այս դեպքում մենք գործ ունենք իրավաբանի կրթություն ունեցող քաղաքական ընդդիմախոսների հետ, որոնք քողարկվում են իրենց մասնագիտության հետևում: Կապ չունի նրանց մասնագիտությունը. կարող էին բանասեր կամ ֆիզիկոս լինել, միևնույն է, նրանք քաղաքական ընդդիմախոսներ են՝ նախկին իշխանության քաղաքական թևի հետ:

– Այսինքն՝ ՀՀԿ-ն անուղղակիորեն մասնակցո՞ւմ է:

– Այո՛: ՀՀԿ-ն էլ է մասնակցում, Քոչարյանն էլ է մասնակցում: Այստեղ պետք չէ դիպլոմի հետևում թաքնվել, ով ունի իրավաբանի դիպլոմ, ուրեմն իրավապաշտպան է կամ սո՞ւրբ է:

Նայե՛ք այդ մարդկանց անցյալը, նայեք, թե այսօր ինչո՛վ են զբաղված: Այդ մարդիկ այսօր այդ գործով զբաղված են, որովհետև 2018 թ. տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Հակառակ դեպքում նրանք այսօր զբաղված կլինեին նախկին իշխանություններին իրենց մասնագիտական ունակություններով սպասարկելով:

Մանե Հարությունյան

MediaLab.am