Գոյության տարածք. վերապրելով անհնարինը՝ Բերտան և Զարինեն

Գույնզգույն գլխակապերն ու շարֆերը, փախլավան ու սիգարետները Շահրամանյանների ընտանիքի համար ոչ միայն ֆինանական խնդիրները լուծելու, այլև աննկարագրելի ցավը մեղմելու միջոց դարձան։ 

Ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզինի պահեստում պայթյունի հետևանքով 4 զոհ ունեցավ։ Բերտայի ամուսինը՝ Գևորգ Գաբրիելյանը, հայրը՝ Վարդան Շահրամանյանն ու երկու անչափահաս եղբայրները՝ 18-ամյա Վադիմը և 13-ամյա Գերմանը, բենզինի հետևից էին գնացել ու այդպես էլ չվերադարձան։ 

Բերտա Շահրամանյանը հիմա մոր՝ Զարինեի ու 20-ամյա եղբոր՝ Վրույրի հետ Երևանի թաղամասերից մեկի փոքրիկ մի բնակարանում է տեղավորվել՝ Արցախում թողնելով 5 բնակարան։ Մեծ եղբայրը՝ Վրույրը, Երևան էր եկել բլոկադայից առաջ։ Ծառայության ժամանակ վիրավորում էր ստացել դիպուկահարի կրակոցից։ Զրկվել էր աչքից, բայց կյանքը հաջողվել էր փրկել։ 

«Երբեմն մտածում ես, որ էլ ուժ չես ունենա ապրելու։ Ապրում ես, բայց ապրածդ ապրածի նման չէ, ցավը մեծ է։ Ու այդ ժամանակ հանդիպում են մարդիկ, որոնք քեզ ուժ են տալիս, օգնում են շարունակել կյանքը»,- ասում է 23-ամյա Բերտան։

Բերտան 2023-ի օգոստոսի 25-ին էր ամուսնացել։ Նորաստեղծ ընտանիքը կարողացել էր բլոկադայի օրերին դժվարությամբ հարսանեկան արարողություն կազմակերպել ու ընտանիք կազմել։ Ամուսնության 1 ամիսը դեռ չէր լրացել, ու դեպքերն այնքան արագ զարգացան, որ ընտանիքը հազարավոր արցախցիների պես ստիպված էր հավաքել իրերն ու դուրս գալ հայրենի տնից։ 

Բերտայի ամուսինը բենզին ուներ, հայրը՝ ոչ։ Հայրը որդիների հետ շատերի պես լսել էր, որ բենզին են բաժանում, ու շտապել էր վառելիքի հետևից։ Բերտայի ամուսինն էլ նրանց մենակ չթողնելու համար հետևել էր նրանց:

Մայրը՝ Զարինեն, հիշում է՝ դեպքից 1 ժամ առաջ էր խոսել ամուսնու հետ։ Բենզինը վերցրել էին, սպասում էին փեսային, որ հասներ իրենց ու տուն վերադառնային։ 

Վերջին զանգից հետո արդեն վատ լուրերը շատ արագ տարածվեցին՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ու հեռախոսազանգերն արդեն անպատասխան էին մնում։ Անորոշությունից խելագարված մայր ու դուստր Ստեփանակերտի հիվանդանոց են շտապում։ Հարյուրավոր այրված անձանց շրջանում հարազատներին փնտրում, բայց անարդյունք։ 

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, 100-ից ավելի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան ու Երևան տեղափոխվեցին հետագա բուժումը ստանալու նպատակով։ 

«Աննկարագրելի վիճակ էր, այրված մարդիկ ու դեղերի, մասնագետների պակաս։ Հիվանդանոցում ամուսնուս երկու քեռիներին գտանք։ Նրանցից մեկն էլ մահացավ։ Մեզ հորդորեցին Երևան տեղափոխվել, քանի որ վիրավորներին էլ Երևան էին տեղափոխում», – պատմում է Բերտան։

Մայրն ու դուստրը ճարահատյալ լքել են Արցախը ամուսնու ծնողների հետ միասին։ 

«2 ժամվա ճանապարհը 35 ժամ եկանք, էլ չեմ ասում մեր ապրումները, որ ամեն վայրկյանը դժոխային էր դարձնում»,- կրկին ու կրկին հուզվում է Զարինե Շահրամանյանը։

Երևանում բարեկամների տանն են տեղավորվել ու ամեն առավոտը լուսացրել Այրվածքաբանության կենտրոնում ու մյուս հիվանդանոցներում։ Միայն մեկ ամիս անց ԴՆԹ-ի հաստատումով են տեղեկացել, որ ընտանիքի 4 տղամարդիկ էլ մահացել են։ 

«Ինչպե՞ս էինք շարունակելու ապրել՝ չգիտեինք, ոչինչ չգիտեինք»,- ասում են մայր ու դուստր։

2 ամիս բարեկամների տանը ապրելուց հետո ընտանիքը կարողանում է վարձով բնակարան գտնել ու տեղավորվել այնտեղ։ 

«Ցավը շատ մեծ էր, մենք սթրեսի մեջ էինք, գործ սկսելու միտք չենք ունեցել, ու հենց էդ ժամանակ հայտնվեց մեկը, ով մեզ կենդանացրեց»,- ասում է Բերտան։

Ընտանիքին ամերիկահայ մի աղջիկ՝ Անի Գասպարյանն է օգնության ձեռք մեկնել ու առաջարկել վաճառք սկսել։ Շահրամանյանների համար ֆեյսբուքյան բիզնես էջ է բացել ու իր հետևորդների միջոցով ակտիվացրել էջը։ 

23-ամյա Բերտան փոքր տարիքում տատից էր սովորել գործել, մայրն էլ տանը ընտանիքի անդամների համար մշտապես համեղ թխվածքներ էր պատրաստում, առանց գիտակցելու, որ մի օր դրանով ապրուստի խնդիր են լուծելու։ 

«Առաջին պատվերը դեկտեմբերի 4-ին ստացա ու միանգամից մի քանիսը։ Փախլավայի պատվեր էր։ Պատրաստեցի, ու շատ գոհ մնացին գնորդները։ Դրանից հետո ահագին պատվերներ եկան, թե՛ փախլավա էին պատվիրում, թե՛ սիգարետներ, թե՛ նրբաբլիթներ։ Լավ էր, գոնե աշխատանքով էի տարվում, վիշտս մոռանում, թե չէ խելագրության կհասնեի»,- ասում է Զարինեն ու հիշում, որ նույնիսկ Ռուսաստանից էին զանգահարում ու փախլավա պատվիրում հարազատների համար կամ էլ պատվիրում էին, որ Հայաստան հասնեն ու վերցնեն։

Զարինեն արցախյան փախլավայի համն ու հոտն այստեղ էլ էր ստանում։ Ասում է՝ Հայաստանում պատրաստվող փախլավան արցախյանից շատ է տարբերվում։ Այստեղ շերտավոր խմորով ու բեզեով են պատրաստում, ինքը հատուկ խմորով ու առանց բեզեի է պատրաստում, միջուկը միայն ընկույզ ու շաքարավազ է։ 

Ամբողջական փախլավան 11000 դրամ արժի, սիգարետների 1 հատն էլ 150 դրամ է։ Եթե այլ խմորեղենների պատվերներ էլ լինեն, Զարինեն պատրաստ է թխել։ Դուստրն ասում է՝ մայրը նաև մեղրով տորթն է շատ համեղ թխում։

«Շատ համեղ է ստացվում մեր փախլավան։ Հիշում եմ՝ նույնիսկ մեկնաբանություններում մեկը գրել էր, որ փորձել է մեր փախլավան, ու համը աննկարագրելի էր, համեմատելի չէր այլ փախլավաների հետ։ Նման մեկնաբանությունները մեզ շատ էին ոգևորում ու հույս տալիս, որ կարող ենք առաջ գնալ», – ասում է Զարինեն։

Եթե փախլավայի դեպքում կարողացել է ստանալ արցախյան համը, նույնը չի կարող ասել նրբաբլիթների մասին։ Ասում է՝ Արցախում մսի համն ու հոտը ուրիշ էր, Հայաստանում միսը չունի այդ համը։ Ու ոչ միայն, արցախյան մթերքների համը հաճախ են հիշում։ Այնտեղ ամեն ինչն այլ համ ուներ։

«Արցախում շատ էի թխվածքներ պատրաստում, մեր տան տղամարդիկ քաղցրակեր էին, սիրում էին տնական թխվածքներ։ Գրեթե ամեն օր պատրաստում էի, ծանոթ- բարեկամներիս էլ միշտ հյուրասիրում։ Իմ թխվածքները շատ էին սիրում։ Երանի թե․․․», – հուզվում է Զարինեն։ 

Բերտան էլ գործվածքների պատվերներ է ընդունում, գլխակապեր ու շարֆեր է գործում։ Պատվերներ նույնիսկ արտերկրից է ստացել։ Հայկական դրոշի գույներով մանկական գլխարկ ու շարֆ է գործել ու Ֆրանսիա ուղարկել։ Պատվեր նաև ԱՄՆ-ից է ստացել։ Նոր տարուց հետո պատվերների թիվը կրճատվել է, բայց Բերտան մի քանի պատվեր ունի։ Գործել է ու պետք է հաճախորդներին փոխանցի։

Գլխակապերը 2000 դրամով է վաճառում, շարֆերը՝ 3500-4500 դրամ: 

Բերտան Արցախում էլ չէր աշխատում, բայց երբեմն տատից սովորած հմտությունը օգուտ տալիս էր, էլի գլխակապեր ու շարֆեր էր գործում ու վաճառում։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Երևան տեղափոխվելուց հետո Բերտայի մասին պաշտոնյաներից մեկն էր իմացել և աշխատանք առաջարկել նախարարություններից մեկում: 

«Աշխատանք առաջարկեցին, չմերժեցի։ Գնացի, հիմա նախարարությունում մեկամսյա փորձաշրջան եմ անցնում, որից հետո կկարողանամ աշխատել։ Աշխատակազմը լավն է, դուրս եմ գալիս, ցրվում, բայց, միևնույն է, դեռ չեմ կարողանում հարմարվել նոր իրողությանն ու մենակությանը»,- ասում է Բերտան։

Մայր ու աղջիկ ասում են՝ Արցախն ու արցախյան քաղցր հիշողությունները, կյանքը, որ թողեցին, ամենաթանկն էին։ 

«Հիմա միայն աշխատանքն է, որ գոնե մի քիչ օգնում է մոռանալ ցավն ու միտքն ազատել ծանր հիշողություններից։ Ապրելուն այլընտրանք հիմա չունենք, ստիպված ենք ապրել ու առաջ նայել», – ասում է երիտասարդ այրին։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am