Փակ սահմաններով. Արտակարգ իրավիճակում հյուրատները եւ հյուրանոցները բացել են դռները՝ «անհյուրընկալ» գներով

Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին ու փակ սահմաններին՝ Հայաստանի հյուրանոցներն ու հյուրատներն այս տարի ծառայությունների գները չեն նվազեցրել։ 

Այս օրերին իրենց ամառային հանգիստը պլանավորող քաղաքացիները, որոնք փակ սահմանների պատճառով երկրից դուրս գալու հնարավորություն չունեն, բախվում են այն խնդրին, որ ներքին հանգստյան գոտիներում գները կամ նախորդ տարվա համեմատ բարձրացել են, կամ, լավագույն դեպքում, չեն փոփոխվել։

Մարդիկ նաև բախվում են մեկ այլ խնդրի՝ որոշ հյուրանոցներ երկու-երեք օրով ամրագրումներ չեն կատարում, ավելի երկարաժամկետ հանգստացողներին են ծառայություններ մատուցում։

«Հայաստանում չես կարող հանգստանալու գնալ։ Ագահ գները ու ոչ ճկուն բիզնես մտածելակերպը նշմարում են ներքին տուրիզմի հուղարկավորության մոտալուտ ժամկետները։ Օրը 65 հազարով, թեկուզ երեքանգամյա սնունդով ո՞վ կգնա մի տեղ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Էդգար Ամիրխանյանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում Ամիրխանյանն ասում է, որ որպես շատ ճամփորդած անձ՝ կարող է ասել, որ Հայաստանում բարձր գներ են, հատկապես որ չկա նորմալ ծառայություն։ 

«Անտրամաբանական գներ են հյուրանոցներում, առողջարաններում ևս գները թանկ են։ Անգամ ԽՍՀՄ տարիներին կառուցված հայտնի առողջարաններում մեկ անձի մեկ օրվա հանգստի գինը 20 հազար դրամ է։ Այսինքն՝ զույգը օրական 40 հազար դրամ պետք է ծախսի՝ երեքանգամյա սնունդով։ Եվ ամենակարևորը՝ վերջին շրջանում ուր զանգում ես, ասում են՝ ախպերս, մենք մինչև օգոստոսի կես տեղ չունենք»,- ասում է Էդգար Ամիրխանյանը։

Նրա խոսքով՝ վերջերս մեկ կոլեկտիվի համար փնտրել են 10-12 տեղանոց տուն կամ հյուրատուն, որը կունենար փոքրիկ լողավազան։ 

«Մի տեղ զանգեցի, ասացին՝ մեկ օրը 180 հազար դրամ, մի տեղ՝ 120 հազար, 90 հազար, 80 հազար։ Դա այն դեպքում, երբ տարածքները Երևանին մոտ էին, այսինքն՝ զբոսաշրջային հայտնի վայրերում էլ չէին»,- նշում է Ամիրխանյանը։

«Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինա Ավետիսյանը նույնպես նկատում է, որ այս տարի ներքին շուկայում գները բարձրացել են։ 

«Ես նկատում եմ թանկացում, որը պայմանավորված է նրանով, որ հյուրանոցները որոշ ժամանակ պարապուրդի մեջ են եղել։ Հայաստանի քաղաքացիները փակ սահմանների պատճառով չեն կարողանում արտերկիր հանգստի մեկնել, բայց ոմանք ինձ զանգում ու հարցնում են, թե երբ կարող են մեկնել Եգիպտոս, ասում են՝ Հայաստանում մեկ շաբաթ հանգիստը 600-700 հազար դրամ է նստում մեզ վրա»,- «Մեդիալաբին» ասում է Մարինա Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շատ վատ է, որ հյուրանոցներն ու հյուրատներն այս պայմաններում նման գնային քաղաքականություն են վարում։ Հակառակը՝ նրանք հիմա պետք է իրենց ծառայությունները կես գնով առաջարկեին, ակցիաներ անեին։

Բացի դա, հայաստանյան հյուրանոցները կառուցողական համագործակցություն չեն վարում տուրիստական ընկերությունների հետ։ «Ինձ թանկ են ասում, ես հաճախորդին առաջարկում եմ այդ բարձր գինը, հաճախորդը զանգում է հյուրանոց, ավելի էժան են ասում։ Կոլեգիալ մոտեցում ընդհանրապես չունեն»,- հավելում է Մարինա Ավետիսյանը։

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն անտրամաբանական է համարում այն, որ զբոսաշրջային ծառայությունների գներն այս տարի չեն նվազել։

«Եթե ոչ թանկացում, բայց ես նկատել եմ, որ այս տարի հայաստանյան հյուրանոցներում գները մեծ մասամբ չեն իջել։ Այսինքն՝ սպասվում էր, որ գների իջեցում կլինի, բայց առանձնապես չեղավ։ Իհարկե, հատուկենտ հյուրանոցներ կան, որոնք բավական շահավետ պայմաններ են առաջարկում, բայց խոշոր հաշվով շատերը չեն իջեցրել գները»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմոնյանը։ 

Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարող իրենց թույլ տալ հանգստի վրա շատ գումար ծախսել։ 

«Խոսքը միայն հյուրանոցների գների մասին չէ, այլ ծառայությունների գները ևս չեն նվազել։ Օրինակ՝ Խոսրովի արգելոց մուտք գործելու համար մեկ անձը պետք է 2000 դրամ վճարի։ Անցյալ տարվա համեմատ ոչ մի փոփոխություն չի եղել։ Այսինքն՝ այս իրավիճակում եթե ցանկանաս տուր կազմակերպել դեպի արգելոց, միայն 2000 դրամ պետք է ոչ մի բանի համար վճարես։ Սա աբսուրդ է»,- ասում է Սոլոմոնյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ իրեն ևս բողոքներ են հասել, որ որոշ հյուրանոցներ մի քանի օրով ամրագրումներ չեն անում։

«Բայց չեմ կարողանում պատկերացնել՝ ո՞նց կարող են այդպիսի բան անել։ Եթե մեկը կամ երկուսն անում են, դա չի նշանակում, որ բոլորն այդպես են աշխատում։ Ընդհակառակը, այսօր պետք է շահագրգռված լինեն, որ ավելի հարմարավետ ու մրցունակ առաջարկներ անեն, քանի որ նախ՝ այս տարի մարդկանց եկամուտներն են նվազել։

Բացի դա, ոմանց մոտ դեռ կորոնավիրուսի հետ կապված զգուշավորություն կա: Այսինքն՝ պոտենցիալ հանգստացողների թիվը նախկինից քիչ է։ Հիմա շուկան մեծ չէ, և բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ այդ եղածն էլ օգտվի այդ ծառայություններից»,- «Մեդիալաբին» ասում է Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ ներքին ծառայություններ մատուցողները չպետք է առաջնորդվեն այն մտածելակերպով, որ եթե սահմանները փակ են, մարդիկ կհարմարվեն ներկա գներին։

«Եթե սահմանները փակ են, դա չի նշանակում, որ պահանջարկն այնպես է բարձրանալու, որ տեղ ու դադար չի լինելու։ Միշտ մեր մասնավոր հատվածը ողջամիտ է եղել, իրավիճակից բխող ճիշտ որոշումներ է ընդունել, համապատասխան առաջարկներ է արել։ Հիմա ևս այդպես պետք է աշխատեն, ամեն ինչ պետք է անեն, որ հնարավորինս հարմարավետ գնային քաղաքականություն վարեն, իրավիճակին համապատասխան կողմնորոշվեն ու պահեն շուկան»,- հավելում է Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ եթե այսօր ներքին տուրիզմի ներկայացուցիչները լավ առաջարկներ չանեն բնակչությանը, սահմանները բացվելուց հետո մարդիկ կհիասթափվեն ու դրսում կանցկացնեն իրենց հանգիստը։

Մեխակ Ապրեսյանը նաև նկատում է, որ ներքին տուրիզմի ոլորտում շարժ կա, բայց նախորդ տարվա համեմատ այդ շարժը նվազել է։ 

«Մենք ներքին տուրիզմի թվերը կունենանք հաջորդ ամսվա վերջին, կհամեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ ու կհասկանանք՝ ինչ փոփոխություն կա։ Բայց ես չեմ կարծում, որ շարժը նախորդ տարվա չափ կլինի»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

Medialab.am