«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է

Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- նշեցին  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից  իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:

Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է. հարցին՝ արդյոք քաղաքապետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է հուշակոթողի պահպանության և նման դեպքերը բացառելու ուղղությամբ, Կարապետյանը նշեց, որ սա խիստ դատապարտելի արարք է, որը պետք է բացառվի Երևան քաղաքում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են համատեղ ապրում, կրելով երևանցու կոչումը:

«Ցանկացած տիպի և բովանդակության հուշարձանների պղծումը ծայրահեղ անընդունելի է, առավել ևս այն հուշարձանների, որոնք առնչվում են քաղաքում ապրող փոքրամասնություններին: Կարծում եմ, որ իրավապահ գերատեսչության հետ  համագործակցությամբ այդ հարցին պետք է լուծում տրվի»,- ընդգծեց Կարապետյանը:

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: