ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց:

Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։Հոկտեմբերի 3-ից սկսած ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 4 դիմում, որով վերլուծվել և ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների հավաքագրման, տեղափոխման և վարձատրության հարցերի վերաբերյալ։Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տվել է առանձին ընթացք:

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։ Մասնավորապես, ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը:

Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն:Ավելին, արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։

Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին, անմիջապես դուրս բերել վարձկաններին և մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղափոխմանը։Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային մարմինների հետ անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։