«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը
– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 44 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել բոլոր հայ պատանդներին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու կոչին՝ փոփոխություն կատարելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի Դիվանագիտական ծառայության մասին օրենք)։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ի՞նչ կարող է այն տալ, պարո՛ն Սիմոնյան:
– Այս թեմայով արդեն ամաչում ենք խոսել՝ որպես փորձագետ, որովհետև արդյոք մենք՝ որպես պետություն, մեզանից կախված ամեն ինչ արե՞լ ենք, որ կողքի պետությունների վարքագիծը վերլուծենք: Իհարկե դրական է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, որ նախագիծը բարձրացնեն լիագումար նիստ: Ինձ անհասկանալի էր դեմ քվեարկած այդ 7 պատգամավորի քվեարկությունը, մեր ամերիկահայ գործընկերներն աշխատանք ունեն տանելու, որ հասկանան՝ ինչո՞ւ դեմ, այլ ոչ թե ձեռնպահ:
Դժվարանում եմ ասել, թե Ներկայացուցիչների պալատում ինչպիսին կլինի որոշումը, եթե այդ հարցը նոր կազմով քննարկվի աշնան երկրորդ կեսից հետո, որովհետև ենթադրվում է, որ դեմոկրատներն այս անգամ մեծամասնություն կլինեն, այդ դեպքում հույս կա, որ դրական քվեարկություն կլինի նաև այնտեղ, բայց այլ պարագայում այս նախագիծը Թրամփի քաղաքականության հետ զուգահեռ չի գնում:
Հանրապետականները բավականին շահեր ունեն Ադրբեջանում, առավելևս, որ Հայաստանի ողջ կառավարությունը կարծես թե այդքան էլ լավ չի տրամադրված մեր ռազմագերիներին ազատ արձակելու քաղաքականության հարցում:
Մեր կառավարության քաղաքականությունն այնքան կասկածներ է առաջացնում արդեն, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին մտավ Եվրադատարան, մինչդեռ ՄԻԵԴ-ին ուղղված կառավարության հայցադիմումում կար նաև Ռուբեն Վարդանյանի գործը: Մենք կասկած ունենք, որ կառավարությունը հրաժարվելու է այդ անձանց իրավունքների պաշտպանությունից, ու Վարդանյանի գործն ստիպված առանձին գնաց Եվրադատարան: Այսինքն՝ այստեղ և՛ ներքին քաղաքականության հարցն է, որ պետք է ուշադրություն դարձնենք, ու դրա շարունակություն արդեն արտաքին քաղաքականը:
Ցանկացած պետություն, երբ տեսնում է Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, հաստատ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չի գտնվի, ինչպես ասում են: Մեր կառավարության վարքագծից է շատ բան կախված, երկրորդ՝ ընտրություններից, ինչպես արդեն ասացի:
– Նկատի ունեք, որ ցանկալի արդյունք ապահովելու համար նախևառաջ պետք է որ Հայաստանի կառավարությո՞ւնը քայլեր ձեռնարկի:
– Իհարկե, սա մեր ազգային շահերի պաշտպանության հարցն է, ոչ թե ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի: ԱՄՆ-ն նույն 907 բանաձևն ընդունեց ոչ թե պարզապես բարի կամքից ելնելով, այլ Հայաստանի քաղաքականության արդյունքում, այսինքն՝ մեր կառավարության վարքագիծը առանցքային է այստեղ, ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ն ինչ-որ մի փուլում հասկանա, որ մեր կառավարությունը ունակ չէ սեփական ազգի շահերը պաշտպանել ու որոշի, որ ինքը պաշտպանի Հայաստանի շահերը, բայց դա ֆանտաստիկայի ժանրից է:
– Ունակ չէ՞, թէ՞ ուղղակի դա խանգարում է խաղաղության գործընթացին, ինչպես մի քանի անգամ հայտարարել են իշխանության ներկայացուցիչները:
– Մեր կառավարությունն էլ է լավ հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկարաժամկետ հատվածում տրամադրված չեն խաղաղության, ու այս հնարավորությունն օգտագործում են պատրաստվելու նոր դիրքեր գրավելու թե՛ դիվանագիտական, թե՛ մարտական մակարդակներում, որ հեշտությամբ կուլ տան Հայաստանին: Որքան էլ պրոպագանդվում է այս խաղաղության գործընթացը, այնուամենայնիվ պետք է կույր լինել չտեսնելու համար, թե ի՛նչ է կատարվում: Հետևաբար, որքան էլ դու քո իրավունքները զիջես, քաղաքացիներիդ չպաշտպանես, միևնույն է, խաղաղության չես հասնի ու ոչ մեկին էլ չես փրկի:
– Պարո՛ն Սիմոնյան, եթե անգամ այս նախագիծն ընդունվի, Ադրբեջանը կատարելո՞ւ է պահանջը:
– Հենց այնպես հռչակագրային որոշումներն արդյունավետ չեն, մենք նման շատ որոշոմներ ունենք, եթե ուզում ենք, որ Ադրբեջանն ուշքի գա ու հարգի մեր ազգային շահերը, ապա նրա նկատմամբ պետք է ռեալ քայլեր գործադրվեն, դիցուք՝ պատժամիջոցներ:
Օրինակ՝ ԱՄՆ-ն այդ իմ նշած բանաձևի ժամանակ պատժամիջոց է կիրառել է 90-ականներին, որը 2001-ին սակայն դուրս եկավ, գազի ու նավթի առուվաճառքի մասով սանկցիա էր կիրառվում:
Եթե նորից կիրառվեն, պարզ է, որ Ադրբեջանը որոշակի զիջումների կգնա: Հակառակ դեպքում Ադրբեջանը իրավունքի դաշտ չի վերադառնա, բացի պետությունից, կարելի է նաև առանձին անձանց նկատմամբ սանկցիա կիրառել, օրինակ՝ Ալիևի, բայց սա քիչ հավանական եմ համարում, որովհետև ԱՄՆ-ի առաջնահերթություններն այս պահին այլ են:
Դեմոկրատիան, ազատությունը, իրավունքների պաշտպանությունը առաջնային չեն, հիմա միջանցքների ստեղծումն է կարևոր, հանքահումքային տարածքներում տիրապետություն հաստատելը և այլն: Տնտեսական գլոբալ այս քաղաքականության պայմաններում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը երկրորդ պլան են մղվում, պետք է ռեալիստ լինել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















