«Առաջ դեպի կղեարական միջնադար». Իրավապաշտպաններն ահազանգում են՝ սահմանադրական փոփոխություններով եկեղեցուն «բացառիկ» դեր է տրվում

«Առաջ դեպի կղեարական միջնադար». Իրավապաշտպաններն ահազանգում են՝ սահմանադրական փոփոխություններով եկեղեցուն «բացառիկ» դեր է տրվում
«Առաջ դեպի կղեարական միջնադար». Իրավապաշտպաններն ահազանգում են՝ սահմանադրական փոփոխություններով եկեղեցուն «բացառիկ» դեր է տրվում

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում առկա մի քանի դրույթներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպություններին և Հայ Առաքելական եկեղեցուն փորձագետների կարծիքով անորոշության և անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դրանց ամրագրումով որոշակի առավելություն կտրվի Հայ Առաքելական Եկեղեցուն ի տարբերություն կրոնական այլ կազմակերպությունների:

Առաջարկվող հայեցակարգով Սահմանադրության 17-րդ հոդվածի առաջին մասով  երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, երկրորդ մասով՝ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից: Հաջորդող 18-րդ հոդվածով ՀՀ ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ առաքելությունը:

Այս փոփոխությանը, որով շեշտվել էր Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկությունը, առարկություններ էր կատարել նաեւ Վենետիկի հանձնաժողովը, շեշտելով, թե անընդունելի է նման մոտեցումը:  Սակայն, ի պատասխան  ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ , իրավագետ Հրայր  Թովմասյանը պատասխանել էր, թե տեղի է ունեցել սխալ թարգմանություն:

Սակայն, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով, իրապես  առաջարկվող փոփոխություններով Հայ Առաքելական Եկեղեցին մուտք է գործում քաղաքականություն և  ստանձնում որոշ գործառույթներ, որոնք վերապահված են պետությանը, ինչի նպատակով էլ ստեղծվում են հիմքեր՝ սահմանադրությունում և այլ օրենքներում:

Առաջարկվող նախագծի 17-րդ հոդվածում, գործող սահմանադրության «Պետությունը անջատ է եկեղեցուց»  դրույթը փոխարինվել է  «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթով:

Դանիելյանը նշում է. կրոնական կազմակերպությունների մասին կառավարության կողմից պատրաստված վերոհիշյալ նախագծով փորձ է արվում  օրենսդրորեն տարանջատել կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակը՝ Հայ Առաքելական Եկեղեցու  իրավական կարգավիճակից: Նա պատահական չի համարում այն, որ  սահմանադրության նախագծում Հայ Առաքելական Եկեղեցուն առանձին հոդված է նվիրված (Հոդված 18), որտեղ խոսվում է Հայ Առաքելական Եկեղեցու «բացառիկ» դերակատարության մասին:

««Կրոնական կազմակերպություն» և «Հայաստանյաց Առաքելական եկեղեցի» հասկացությունները փորձ է արվում տարանջատել: Փաստորեն դրանք դառնում են իրավական տարբեր կատեգորիաներ: Եթե պահպանվի կրոնական կազմակերպությունների մասին վերջին օրինագծի համապատասխան հոդվածը նոր նախագծում, ապա Հայաստանի ոչ աշխարհիկ լինելու մասին մեր վարկածը ավելի է հաստատվում` կրոնական կազմակերպությունների պետությունից անջատ լինելը չի վերաբերելու հայ Առաքելական Եկեղեցուն,-ասում է Դանիելյանը,-նման վարկածն ավելի է խորանում, եթե մենք ուսումնասիրենք գործող մի շարք օրենքները և կրոնական ոլորտում Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը»:

Ըստ նրա 17-րդ հոդվածը  նվիրված է «կրոնական կազմակերպություններին», իսկ 18-րդ հոդվածը եկեղեցուն` որպես առանձին` հատուկ իրավական միավոր:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անդրադառնալով գործող Սահմանադրության  8.1 հոդվածին (ՀՀ-ում  եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով) նշում է, որ այն բավականին լավ  հոդված է, և չի ենթադրում հստակ խտրական վերաբերմունք կրոնական տարբեր  կազմակերպությունների միջև:  Իրավապաշտպանը նշում է, որ ԵԱՀԿ-ի սկզբունքներին համաձայն, որոշակի առավելություն ավանդական եկեղեցուն կարող է տրվել, և այստեղ որոշակի առավելություն հռչակագրային մասով գոյություն ունի, նաև ենթադրվում է, որ կարող է առանձին օրենք ընդունվել երկուսի հարաբերությունների միջև:

«Ի՞նչ են առաջարկում նորով: Կարծես  նույն հոդվածը բաժանված է երկու մասի: Գործող սահմանադրության մեջ հստակ գրված է, որ եկեղեցին առանձին է պետությունից, տվյալ դեպքում գրված է` կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից ու ևս մեկ առանձին հոդված Հայ Առաքելական Եկեղեցու մասին: Մեկնաբանության հարց  է` այստեղ եկեղեցին կրոնական կազմակերպություն որպես այդպիսին չի համարվում, և հստակ սահմանված չէ,որ մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցին առանձնացված է պետությունից: Մի կողմից թվում է անորոշ, մյուս կողմից էլ որոշակի որոշակիություն կարելի է նկատել»,-«Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Իրավապաշտպանի  կարծիքով Սահմանդրության նոր նախագծով ամրագրում են այն, ինչը վաղուց անօրինական ձևով առկա է Հայաստանում: Չնայած գործող Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից և Հայաստանը հռչակված է, որպես աշխարհիկ պետություն, սակայն ըստ Իշխանյանի տեսանելի է, թե  ինչպես է Հայ  Առաքելական Եկեղեցին ներխուժել դպրոց և «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ  իրականացնում  քարոզչություն:

«Արդեն ցածր դասարաններում փորձնական առարկա է մտցվել «Քրիստոնեական դաստիարակություն», նորից քարոզչություն է գնում: Նաև գիտենք, թե պրակտիկայում ինչ անհանդուրժող վերբերմունք է դրսևորվում այլ կրոնական կազմակերպությունների անդամ երեխաների նկատմամբ: Եկեղեցին այսօր ներխուժել է  զինված ուժեր, այլ ոլորտներ, որոնք փաստորեն հակասում են սահմանադրությանը: Իմ տպավորությամբ այս նախագծով  կարծես թե ամրագրում են այն, ինչ որ Հայաստանում գոյություն ուներ: Կարծում եմ սրա անունը կարելի է  դնել՝ առաջ դեպի կղերական միջնադար»,-ասում է Ավետիք Իշխանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ կարծում է, որ հասարակության մի ստվար հատված՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները  դրական կգնահատեն հայեցակարգում արված դրույթի փոփոխությունը:  Նա նշում է, որ զուտ իրավական առումով, ըստ գործող կրոնական կազմակերպությունների մասին օրենքի՝ Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես կրոնական կազմակերպություն է, սակայն փոփոխվող դրույթով  առավելություն է ստանում:

« Ընդհանուր ձևակերպումը այնպիսին է,  որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, և պետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, բայց որ Հայ Առաքելական Եկեղեցին էլ է ազատ, կամ անջատ է պետությունից՝ այդ դրույթը չկա: Հայ Առաքելական Եկեղեցուն վերաբերող հոդվածից տպավորությունը այնպիսին է, որ այն կրոնական կազմակերպություն չէ, կամ այդ կազմակերպության մի այլ կատեգորիա է , որին տրված է սահմանադրությամբ առավելություն»,-բացատրում է Տիգրանյանը:

Նրա դիտարկմամբ այս  պարագայում  անհասկանալի ու անորոշ է մնում, արդյո՞ք նախագիծը իսկապես հռչակում է աշխարհիկ պետության գաղափարը, քանի որ ոչ մի կերպ չի երևում, որ պետությունն էլ եկեղեցուց է անջատ, այլ հարց է, որ պետությունը կրոնական կազմակերպություններից է անջատ, բայց անմիջական այդ հղումը չկա:

«Մյուս կողմից էլ հստակ տարանջատվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարծես թե այլ տիպի կրոնական կազմակերպություն է, և չի դրվում մյուս կազմակերպությունների հետ հավասարության մեջ: Կարծում եմ սահմանադրությամբ ամրագրում են այն, ինչ վաղուց  տեղի է ունենում, փաստացի մենք տեսնում ենք ինչպես են սերտաճել աշխարհիկ և հոգևոր հարաբերությունները,ինչպես են հոգևոր այրերը ներթափանցել իշխանություն»,-ասում է նա:

Փորձագետների համոզմամբ առկա է իրավական տարանջատում Հայ Առաքելական Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների միջև, ինչը նաև որոշ օրենքներով իրառվում է պրակտիկայում:

Ստեփան Դանիելյանը նշում է,որ  զինվորական ծառայության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում,  Հայաստանի փրկարար ծառայության մասին և մի շարք այլ օրենքներում այդ կառույցներում  ծառայողների համար գոյություն ունի սահմանափակում` արգելվում է կրոնական կազմակերպության անդամ լինելը (ինչն ակնհայտորեն չի համապատասխանում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի և եվրոպական կոնվենցիաներին):

«Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ պահանջը չի տարածվում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների վրա և գործոմ է միայն մյուս կրոնների հետևորդների համար: Նշված ծառությունների ղեկավարները մասնակցում են Հայ եԱռաքելական Եկեղեցու կրոնական ծիսակատարություններին և հրապարակայնորեն հայտարարում են, որ հանդիսանում են Հայ եկեղեցու հետևորդ: Սա ևս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ «կրոնական կազմակերպությունների» տակ չի հասկացվում Հայ Առաքելական Եկեղեցին և կարծում եմ, որ կրոնական կազմակերպությունների մասին մասին նոր նախագծում այդ երկու հասկացություններն արդեն օրենքով ավելի հստակ կտարաջանտվեն»,-բացատրում է Դանիելյանը:

Իրավապաշտպանների համար մտահոգիչ է նաև Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում  հոդված 41-ի՝« Մտքի, խղճի և կրոնի ազատության» երկրորդ դրույթում ավելացված «պետական անվտանգությունը»՝ որպես միջամտելու իրավաչափ նպատակ:

41.1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

41.2 Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Իրավապաշտպան Իշխանյանը նշում է, որ նույնությամբ բերված է  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի առաջին մասը, սակայն երկրորդ մասով սահմանափակման հետ կապված բավականին մտահոգիչ է: Ըստ նրա  մտքի, խղճի, կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանուն  ժողովրդավարական հասարակության:

«Սահմանափակման մասով, մեզ մոտ մի կողմից  հանվել է «հանուն ժողովրդավարական հասարակության»-ը, մյուս կողմից  ավելացված է «պետական անվտանգությունը»: Նշաձողը ի տարբերություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իջեցված է: Այն, որ մենք հաճախ լսում ենք. Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները վտանգում են պետական անվտանգությունը և որևէ բացատրություն չկա, բացի ընդհանուր խոսքերից, արդեն սահմանադրական մակարդակով են ամրապնդում, որը շատ մտահոգիչ հարց է:  Մանավանդ պետք  է հիշել որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան  Հայաստանը վավերացրել է և պարտավորությունների մեջ է: Այն նախատեսում է,որ ազգային օրենսդրությունները կարող են ավելի բարձր մակարդակ սահմանել, բայց ոչ ավելի ցածր: Փաստորեն առաջարկվող փոփոխություններով՝ավելի ցածր մակարդակ է սամանվում»,,-ասում է Իշխանյանը:

Նույն հոդվածը մտահոգիչ է համարում նաև  Ստեփան Դանիելյանը, նշելով որ այն օգտագործվելու է կրոնական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու համար:

««Կրոնի, մտքի և խղճի ազատությանը» նվիրված Հոդված 41-ը, որտեղ ասվում է, որ այդ ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության նպատակառումներով, ինչը հակասում է ՄԻԵԴ-ի վճիռներին:  Պետք է նաև նկատի ունենալ այն, որ Հայ Առաքելական Եկեղեցին մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու համար հրապարակային կոչերը հիմնավորում է «ազգային անվտանգությամբ» և «հոգևոր անվտանգությամբ,-նհասկանալի է, թե ինչպես է, Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպմանը հավանություն տվել»,-ասում է նա:

 Մանե Հարությունյան

© Medialab.am