Ապօրինի ծագման գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում․ Բադասյան. տեսանյութ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, գրում է Factor.am-ը:

«Կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, այսինքն՝ երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը:

Այս գործիքն անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ձևավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել ուղղակի գույքը ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցվի, թե մենք միջամտում ենք սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե ենք վերադարձնում այն, ինչը պետք է լինի պետական բյուջեում»,-նշեց Բադասյանը՝ հույս հայտնելով, որ այն անձինք, որոնք գիտակցում են, որ ունեն ապօրինի ծագմամբ գույք, կգնան համերաշխության՝ պետության հետ համագործակցելով: