«ԶԼՄ-ները հիմքեր ունեն նման հայտարարություն անելու և առցանց ասուլիսին չմասնակցելու». Բորիս Նավասարդյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, մի շարք ԶԼՄ-ների խմբագիրներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վերադառնալ ասուլիսի ոչ առցանց ձևաչափին, ու հրաժարվել են մասնակցել վարչապետի այսօրվա առցանց ասուլիսին: Հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, խմբագիրների որոշումը ճի՞շտ է:

– ԶԼՄ-ներն այդպիսի հայտարարություն անելու որոշակի հիմքեր ունեն, որովհետև մեր գործընկերների ներկայացրած մի քանի վկայություններ ունենք, որ իրենց ուղարկած հարցն աղավաղվել է, էլ չեմ ասում, որ մի շարք հարցեր ընդհանրապես չեն հնչեցվել: Եթե մամուլի ասուլիսը սովորական ձևաչափով լինի, այդ կարգի աղավաղումներ չեն կարող լինել, հետևաբար ԶԼՄ-ները հիմքեր ունեն նման հայտարարություն անելու և առցանց ասուլիսին չմասնակցելու:

– Այսինքն՝ նորմա՞լ եք համարում խմբագիրների այս դիրքորոշումը:

– Այո՛, հիմնավորված է:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց սովորական ձևաչափով ասուլիսներ տալուց և ընտրեց այս տարբերակը, պարո՛ն Նավասարդյան:

– Կարծում եմ՝ պատճառներն ինչ-որ տեղ կարելի է հասկանալի ու ըմբռնելի համարել, որովհետև պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի համար կան և՛ անվտանգության հետ կապված խնդիրներ, և՛ տեսանելի է, որ շատ դեպքերում հանրային միջոցառումները դառնում են քաղաքական սադրանքների ու մանիպուլյացիաների առիթ: Ու եթե առցանց մամուլի ասուլիսները, որոնք փոխարինել են կենդանի մամուլի ասուլիսներին, պրոֆեսիոնալ տեսանկյունից անցկացվեին ազնիվ, այսինքն՝ հնչեցվեին բոլոր սուր հարցերը, չաղավաղվեր դրանց բովանդակությունը, ապա, միգուցե, ներկա իրավիճակում այդ ձևաչափը շարունակեր քիչ թե շատ ընդունելի մնալ: 

Բերված վիճակագրությունը, թե քանի մամուլի ասուլիս է եղել 2018-2021 թվականներին, խոսում է այն մասին, որ իշխանությունների մոտ ընդհանրապես միտում կա պակասեցնել շփումը հանրության հետ, նաև՝ լրագրողների միջոցով, ինչը քննարկումներից դուրս է թողնում բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգում են հասարակությանը:

Առցանց ասուլիսի ընտրությունը կապված է քաղաքական լարվածության հետ, այսինքն՝ նրա հետ, որ կենդանի մամուլի ասուլիսները կարող էին դառնալ քաղաքական ակցիաների անցկացման միջոց, և ես որքան հասկանում եմ, դրանից է խուսափում Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, մենք ունեինք նաև կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, որոնք նույնպես թույլ չէին տալիս կենդանի ասուլիս անցկացնել: 

– Իսկ հարցերի աղավաղումը, որոշ լրատվամիջոցների հարցերի անտեսումն ինչո՞վ են պայմանավորված:

– Նրանով, որ իշխանությունները, կոնկրետ՝ վարչապետը, խուսափում են բովանդակային պատասխանից ու չեն ուզում տարածել այն կարգի տեղեկություններ, որոնք կարող են լրացուցիչ հարցեր ու լարվածություն առաջացնել հասարակության մեջ, այսինքն՝ մամուլի ասուլիսներն այսօր օգտագործվում են հնարավորինս հասարակական կրքերը հանդարտեցնելու նպատակով:

– Այսինքն՝ պարբերաբար անցկացվող առցանց ասուլիսների միջոցով փորձ է արվում երկրում իրավիճակը հանդարտեցնե՞լ, պարո՛ն Նավասարդյան:

– Ե՛վ հանդարտեցնել, և՛ չասել այնպիսի բաներ, որոնք անհրաժեշտ են, բայց՝ ոչ ցանկալի: Եվ, որպես օրինակ, կարելի է բերել այս վերջին միջադեպը՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված, այսինքն՝ ակնհայտորեն, կենդանի մամուլի ասուլիսի կամ բոլոր հարցերի հնչեցման դեպքում ստիպված կլինի կա՛մ խուսափողական պատասխաններ տալ, կա՛մ այնպիսի բաներ ասել, որոնք հաստատ լավ չեն ընկալվելու հանրության կողմից:

– Պարո՛ն Նավասարդյան, այսօր կայանալիք ասուլիսին կլինե՞ն ԶԼՄ-ներ, որ հարցեր կուղղեն վարչապետին, և, ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կանսա՞ խմբագիրների կոչին:

– Մամուլի ասուլիսն այսօր ամեն դեպքում անցկացվելու է, որովհետև կլինեն և՛ լրատվամիջոցներ, և՛ հասարակական կազմակերպություններ, որոնք կցանկանան հարցեր հնչեցնել, այսինքն՝ բոյկոտը մասնակի կլինի: Նույնիսկ վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը բավարար կլինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա տալ այն ուղերձները, որոնք պլանավորել է: 

Հետագա ասուլիսների ձևաչափի փոփոխության մասով չեմ կարող ասել, որովհետև ինձ համար ոչ միշտ է հասկանալի մեր իշխանությունների վարքագծի տրամաբանությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am