«Երկուշաբթի օրվանից բաց են լինելու միայն սննդամթերքի խանութները»․ Ելենայի դիտարկմամբ՝ Ֆրանսիայում մարդիկ այդքան էլ չէին հետևում կանոններին

Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման բարձր թվի պատճառով ապրիլի 5-ից երկրում սահմանափակումներն առավել խստացվելու են, փակվելու են մի շարք հաստատություններ:

«Երկուշաբթի օրվանից բաց են լինելու միայն սննդամթերքի խանութները, փակվելու են հագուստի խանութները, դպրոցները։ Միայն մեր քաղաքում մեկ շաբաթվա տվյալներով 2460 հոգի վարակված են գտել»,- ասում է Թուլուզ քաղաքում բնակվող 35-ամյա Ելենա Հարությունյանը։

Ըստ worldometers.info-ի՝ Ֆրանսիան կորոնավիրուսի դեպքերի քանակով 4-րդ տեղում է։ Այս պահին երկրում վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 4.741.759։ Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակվածության 50․659 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը 95.976 է, առողջացել է 296.166 մարդ:

Տվյալները՝ worldometers.info-ի։


Հարությունյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայում վարակի տարածումը շեշտակի աճեց, քանի որ մարդիկ ամբողջությամբ չէին պահպանում կանոնները, պետության կողմից էլ հսկողությունը մեծ չէր:

«Ֆրանսիայում մարդիկ այդքան չէին հետևում բոլոր կանոններին, ճիշտ է՝ ռեստորանները փակ են, բայց թեկուզ դիմակ կրելը, ալկոգելով ախտահանվելը շատ ժամանակ անտեսում են։ Պետության կողմից հսկողությունն էլ մեծ չի։ Օրինակ՝ ժամային առումով սահմանափակում էր գործում, մինչև 6-ն էր կարելի, որ մարդիկ դրսում լինեին, այդ ժամին որ դրսում մարդ էին տեսնում, 135 եվրո տուգանում էին, բայց խիստ ստուգումներ հաճախակի չէին կատարում»,- ասում է Ելենան։

Նա նշում է, որ փակ տարածքներում մարդկանց մեծ թիվը, սոցիալական հեռավորությունը չպահպանելը ևս վիրուսով վարակվածության դեպքերի տարածման կարևոր նախապայման են եղել։ 

«Կարելի էր 10-15 մարդով հավաքույթներ կազմակերպել, բայց դա դառնում էր 30-40, ու այդպես թվերը բարձրանում էին։ Անգամ խանութում մի տարածքում 19 հոգուց ավելի մարդ չէր կարող լինել, բայց դա էլ չէր պահպանվում, օրինակ՝ քոլեջներում շատ տարածվեց երեխաների մեջ, որովհետև երեխաները ոչ մի կանոնի չէին հետևում, ոչ մի կանոն ճիշտ ձևով չէր պահպանվում»,- նշում է Ելենան։

Չնայած այս հանգամանքին՝ Ելենան նշում է, որ մարդիկ նաև հոգնել են կանոնները պահպանելուց․ «Ես ինքս միայն մարտաշատ վայրերում եմ դիմակ կրում, 100%-ով չեմ պահում, դժվար է ամբողջ օրը դիմակով աշխատել»,- ասում է նա։

Ելենայի խոսքով՝ չնայած պատվաստումները մեկնարկել են Ֆրանսիայում, բայց մարդկանց մեջ անհանգստություն կա պատվաստումների հետ կապված:

«Հիմնականում բուժհաստատություններում են ստիպում, որ պատվաստվեն, բժիշկները խորհուրդ են տալիս բոլորին, բայց մարդկանց մեջ վախ կա, չեն ուզում պատվաստվել: Այս փուլում պատվաստվում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, մի քանի ամսից, ասում են՝ կպատվաստվեն 40-60-ի հատվածում, հետո արդեն կսկսեն պատվաստել ավելի ցածր տարիք ունեցողներին»,- ներկայացնում է Ելենան։

Ելենան ընդգծում է, որ չնայած վիրուսը Ֆրանսիայում մեծ տարածում է ստացել, և սահմանափակումները խստացվում են, բայց մարդիկ սկսել են ավելի հանգիստ վերաբերվել վիրուսի գոյությանը: 

«Մենք արդեն սովորել ենք վիրուսի գոյությանը, սովորել ենք ապրել վիրուսի հետ, պատկերացրեք, որ այժմ մարդիկ ավելի շատ վախենում են պատվաստվելուց, քան վիրուսից»,- ընդգծում է Ելենան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am