Արմեն Սարգսյանն այցելել է Վենետոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։

ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։

Հայ֊իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։