Գյումրու ընտրությունից հետո իշխանության ներսում կսկսվի պարզաբանման, մեղավորների փնտրտուքի մեծ գործընթաց. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

 – Պարո՛ն Բադալյան, Գյումրիում ու Փարաքարում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, Փարաքարում իշխանությունը պարտվեց, իսկ Գյումրիում չհաղթահարեց 50 պլյուսի շեմը: Արդյունքներն ու ընտրությունների ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

– Ընտրական գործընթացը մեծ հաշվով անցավ բոլոր առումներով Հայաստանին բնորոշ պայմաններով: Արդյունքի առումով արտացոլվեց այն իրականությունը, որը կա Հայաստանում, այս իմաստով արդյունքն անսպասելի պատկեր չի արտահայտել, նույնիսկ Փարաքարում, որտեղ «Ապրելու երկիրը» բացարձակ է հաղթել, հիշենք, որ այդ կուսակցությունը հաղթել էր նաև 2021 թվականին, ու տարբեր մանիպուլյատիվ ձևերով տորպեդահարվել էր համայնքային իշխանություն ձևավորելու իրենց հնարավորությունը, ու կարծում եմ, որ դա հենց ժամանակի ընթացքում հարվածել էր ՔՊ-ի վարկանիշին: ՏԻՄ ընտրությունը, անկասկած որոշակիորեն արտահայտելով համապետական տրամադրություններ, մթնոլորտ, այդուհանդերձ ունի իր տեղային առանձնահատկությունները, որոնք մեծ դեր են ունենում արդյունքների ձևավորման տեսանկյունից, այդ իմաստով հատկապես շատ առանձնահատուկ էր Գյումրու պատկերը:

– Իշխանությունը մինչև վերջին պահն ասում էր, թե Գյումրիում հաղթելու է իրենց թեկնածուն, ըստ ձեզ՝ իրենց համար այս արդյունքներն անսպասելի՞ էին:

– Տեղեկատվական պայքարը ևս մեծ դեր ունի, ու կողմերն անընդհատ խոսում են իրենց հաղթելու անխուսափելիության մասին: Ես, այդուհանդերձ, չեմ կարծում, որ իշխանությունը, առնվազն կենտրոնական իմաստով, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, չէր տիրապետում Գյումրիում իրական հնարավորություններին, ռիսկերին և այլն: Դրա վկայությունն է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին չգնաց եզրափակիչ հանրահավաքին՝ լավ պատկերացնելով, որ հաղթանակի շանս գործնականում չկա, ու ինքը փորձեց հեռու մնալ անհաջողությունից, որովհետև այն պատկերը, որ կա, անհաջողություն է, որքան էլ ՔՊ-ն զուտ ցուցանիշով առաջինն է: 

Չեմ բացառում, որ նման հայտարարությունները պայմանավորված էին ներիշխանական հարաբերություններով ու մրցակցությամբ, կարծում եմ, որ Գյումրիում ընտրությունից հետո իշխանության ներսում կսկսվի հաշիվների մաքրման, պարզաբանման, մեղավորների փնտրտուքի մեծ գործընթաց, ինչն իր խորքում ունի շատ ավելի լայն մոտիվներ, բայց Գյումրին կդառնա այդ մոտիվները խթանելու առիթ:

– Պարո՛ն Բադալյան, որոշ շրջանակներ ասում են, որ ընդդիմության այս հաղթանակները կարող են դառնալ երկրում քաղաքական փոփոխությունների նախանշան: Իրատեսակա՞ն եք համարում այս գնահատականները:

– Անկասկած է, որ հոգեբանական առումով պատկերը հօգուտ ընդդիմադիր ուժերի է ու ի վնաս իշխանության, բայց ես չէի շտապի Գյումրիում այս պատկերն ու Փարաքարում ՔՊ-ի պարտությունը անմիջապես տրանսֆորմացնել որպես համապետական մակարդակում պրոցեսների նախադրյալ: 

Գործ ունենք բավական նուրբ այլ շերտերի հետ, օրինակ՝ հիմա Գյումրիում փաստացի ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոալիցիոն իշխանություն, ֆորմալ իմաստով կլինի՞ դա, թե՞ չէ՝ կտեսնենք, բայց պարզ է, որ այդ չորս ընդդիմադիրը պետք է միանան, որ կարողանան քաղաքապետ ընտրել: Իսկ այդ հարցը լուծելուց հետո ինչպիսի՞ն է լինելու այդ ուժերի հարաբերակցությունը քաղաքային իշխանության գործունեության ընթացքում, որովհետև այդ բոլոր ուժերն էլ համապետական հավակնություններ ունեցող կամ նման հավակնություն ունեցող բևեռների հետ ասոցացվող ուժեր են, հետևաբար յուրաքանչյուրն ունի համապետականի հետ կապված իր հաշվարկը, ու այդ հաշվարկներն ինչ-որ տեղ կարող են հատվել, ինչ-որ տեղ լրիվ այլ լինել: Հետևաբար այս հաղթանակը նաև մարտահրավեր է ընդդիմադիր ուժերի համար՝ հաղթանակի հետ աշխատելու տեսանկյունից: 

– Ասացիք, որ տեղի է ունեցել այնպիսի ընտրություն, ինչպիսին շարունակ բնորոշ է եղել Հայաստանին, բայց հեղափոխությունից հետո Փաշինյանը բազմիցս է ասել, որ ընտրական գործընթացները լրիվ այլ ձևով են ընթանում, չի լինում որևէ կեղծիք, ստացվում է, որ համակարծիք չե՞ք այս մտքին:

– Այդ հայտարարություններն ինչ-որ իմաստով հեղափոխական էյֆորիա էին, ինչ-որ իմաստով քարոզչական-տեղեկատվական նպատակներ ունեին: Ընտրական գործընթացները պետք է գնահատենք բազային, խորքային մոտիվներով: Այսինքն՝ երբ քաղաքական կյանքում տրամաբանությունը «իշխանություն կամ ոչինչ»-ն է, ապա ներքաղաքական կյանքում չի կարող լինել ազատ ու արդար ընտրական գործընթաց, եթե չկան այդ հեղափոխական էյֆորիան ու ինչ-որ ուժի այնպիսի հասարակական աջակցություն, որ առանց քվեարկության էլ անզեն աչքով տեսանելի է: 

Մենք նման իրավիճակ տեսել ենք 2018 թվականին Երևանի ընտրությամբ ու խորհրդարանի ընտրությամբ, դրանից հետո եղել է պատերազմը, ու պատերազմից հետո «իշխանություն կամ ոչինչ» տրամաբանությունն առավել խորացել է: Մենք հիմա պատկերացնում ենք, չէ՞, թե ինչ է նշանակում ՔՊ-ի համար իշխանազրկում, շատերը կարող են մինչև անձնական անվտանգության հարց դիտարկել այդ երևույթի մեջ: Այսինքն՝ այդ պատկերը խորացել է, դրան գումարած էլ ՔՊ-ի վարկանիշը մեծ անկում է ունեցել այս տարիների ընթացքում, հետևաբար, մենք հիմա պետք է գնահատենք՝ մոտիվացիոն հիմքում իրավիճակը հօգուտ ազատ ու արդար ընտրություններ իրականացնելո՞ւն է գնացել, թե՞ հակառակը: 

Տեսանելի է, որ մոտիվացիան ոչ միայն դրան չի գնացել, այլև հակառակը՝ անել ամեն ինչ իշխանությունը պահելու ու վերարտադրվելու համար: Քանի մեր երկրում ամեն ինչ «իշխանություն կամ ոչինչ» տրամաբանության մեջ է, ինքնախաբեություն կլինի մտածել, թե մենք ունենք ազատ, արդար ընտրական գործընթացներ: 

Այստեղ կա մի հանգամանք, իշխանության համար սահմանափակող կլինի մեկ հանգամանք, թե ինչպիսի համակարգված, կենսունակ ուժ կա իր դիմաց: Գյումրիում այդ ուժը կար՝ տարբեր գործոններով, պատճառներով, բայց այդ ուժը կար, տեղական համակարգեր կային, ու դա փաստացի բերեց իշխանության պարտության: Բայց տեսնում ենք, որ Գյումրին համապետական մակարդակով որոշիչ ու ճակատագրական չէր, հետևաբար իշխանության վարքագիծը գնահատելու համար պետք էր տեսնել, թե համապետական մակարդակում ինչպիսին կլինի ընտրության արդյունք ստանալու վարքագիծը: 

Ովքեր ծանոթ են Գյումրիում հասարակական տրամադրություններին, զարմացած են, որ ՔՊ-ին հաջողվել է այդքան ցուցանիշ գրանցել, այսինքն՝ ակնհայտ է, որ այդ ցուցանիշը գրանցվել է տարբեր մեխանիզմներով, որոնք ազատ ու արդար ընտրությունների հետ կապ չունեն: 

Քանի որ Գյումրին իշխանության համար «իշխանություն կամ ոչինչ» տրամաբանության մեջ չէր, իշխանությունը չգնաց այնպիսի քայլերի, որը գուցե ինչ-որ արդյունք ապահովեին: Այսինքն՝ իշխանությունը ռացիոնալ է հաշվել, որովհետև ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունը ամենևին էլ նույնը չի լինելու համապետականի ժամանակ, համապետականի դեպքում էլ օրենսդրությունը բոլորովին այլ տրամաբանություն ունի: Այսինքն՝ այս իմաստով իշխանությունը չուզեց գնալ առավել սրացման, ռիսկային արդյունք արձանագրելուն, քանի որ դիմացը նաև կային կենսունակ ու մրցունակ որոշակի ուժեր, կրկնեմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am