Թանկացումներ` հանուն Նոր Զելանդիայի՞. Տնտեսագետները պնդում են, որ կաթնամթերքի գները բարձրանալու հիմք չունեն

Թանկացումներ` հանուն Նոր Զելանդիայի՞. Տնտեսագետները պնդում են, որ կաթնամթերքի գները բարձրանալու հիմք չունեն

Չնայած գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջիկայում Հայաստանում կաթնամթերքի գների թանկացում են կանխատեսում՝ պայմանավորվելով համաշխարհային շուկայի «զարգացումներով», սակայն տնտեսագետները հակառակն են փաստում. վերջին ամիսներին միջազգային շուկայում կաթի փոշու ու կաթնամթերքի գների նվազում է նկատվում: 

«Համաշխարհային շուկայում կաթի փոշին թանկացել է նախորդ տարվա առաջին կեսին միայն, իսկ տարեվերջին թանկացում չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանում կաթնամթերքի թանկացում լինի, դա այնքան էլ կապ չի ունենա համաշխարհային շուկայի զագացումների հետ, ավելի շուտ կլինի մթերվող կաթի գնի թանկացման հետաևանք:

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հակառակն է պնդում:

«Կենդանական ծագման կարագի և կաթի փոշու գները վերջին 9-10 ամիսներին համաշխարհային շուկայում թանկացել են: Դրանով պայմանավորված՝ Հայաստանում կարող է թանկացում լինել»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Հովհաննիսյանը:

Միջազգային շուկայի զարգացումներից բացի, վարչության պետի խոսքով, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը նույնպես ազդելու է կաթնամթերքի գնաճի վրա:

«Չեմ կարծում, որ գազի ու էլեկտրաէներգիայի գործոնով պայմանավորված թանկացումը լինի 10-15 տոկոսից ավելի»,- մոտավորապես թվերն է  նշում գյուղնախարարության պաշտոնյան:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը սակայն իր խոսքերը փաստարկում է միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով` նշելով, որ ի հակառակ աշխարհում նկատվող կաթնամթերքի գների նվազման, միայն Նոր Զելանդիայում են գներն ինչ որ առումով աճել:

«Եվրոպական շուկայում, օրինակ, կարագի գները հունվարին նվազել են: Ռոտերդամի բորայում կարագի մեկ տոննայի գինը վերջին օրերին 910 դոլար է՝ 1 ամիս առաջվա 955 դոլարի, և մեկ տարի առաջվա 1270 դոլարի համեմատ: Կարագն էժանացել է նաև Ուկրաինայում, որը նույնպես արտահանող երկիր է: Ընդհանրապես, Եվրոպայում ու ԱՄՆ-ում տարին բարենպաստ է կաթի արտադրության համար, սակայն միջազգային շուկայի խոշոր մատակարար Նոր Զելանդիայում՝ անբարենպաստ»:

Պաշտոնական վիճակագրությունը վերջին տարիներին Հայաստանում, ինչպես լայն սպառման մյուս ապրանքատեսակների, այնպես էլ կաթնամթերքի գների աստիճանական աճ է արձանագրվել:

Չնայած, Հայաստանում պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, իսկ նվազագույն աշխատավարձը երբեմն տասն անգամ զիջում է եվրոպական շատ երկրների բնակիչների ունեցած եկամուտներին, այնուամենայնիվ, շատ մթերքներ` ներառյալ կաթնամթերքը,  Հայաստանում շատ ավելի թանկ են, եւ պարբերաբար թանկանում են: Սակայն, այս թանկացումներից գյուղացու կյանքը չի լավանում: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի կաթնամթերքի շուկայում տեղի ունեցած գնաճը կաթնամթերք արտադրող ընկերությունները դարձյալ կաթի մթերման գների բարձրացմամբ ու համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով էին պայմանավորում:

Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ եթե 2007 թվականին Հայաստանում խանութներում վաճառվող կաթի մեկ լիտրը կազմել է 295 դրամ էր, ապա 2013 թվականին այդ թիվն աճել է գրեթե 50 տոկոսով` հասնելով 440 դրամի: Նույն ժամանակահատվածում, գրեթե կրկնակի թանկացել են նաեւ պանիրն ու կարագը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասում է, որ Հայաստանում կաթնամթերքի թանկացման մասին խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից:

Նա եւս պնդում է, որ համաշխարհային շուկայում կաթնամթերքի գների բարձրացման միտում վերջին ամիսներին չի նշմարվում:

«Մեզ մոտ միշտ միակողմանի է լինում՝ համաշխարհային շուկայում գները բարձրանալու դեպքում, Հայաստանում բարձրանում է, բայց իջնելու դեպքում չեն իջեցնում»,- «Մեդիալաբին» ասում է Վահագն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի, Հայաստանում կաթնամթերքի գները վերջին հինգ տարին եթե դիտարկենք, Վահանգն Խաչատրյանի խոսքով, ահռելի թանկացում է տեղի ունեցել:

«Դա մեկնաբանվում է համաշխարհային շուկայի զարգացումներով, դրա մեջ որոշակի իրականություն կա, բարձրացում կա: Բայց այստեղ մի խնդիր կա՝ բարձրացման արդյունքում Հայաստանում արտադրողներն ինչքա՞ն են շահում: Սա է խնդիր: Ասում են՝ 40 տոկոս, դա լուրջ թիվ է: Աշխարհում խոսում են 1 տոկոսի, 2 տոկոսի, 3 տոկոսի մասին, մեր մոտ միշտ պիտի ստավկան բարձր լինի: Օրինակ՝ հոսանքը միանգամից բարձրացնում են 30 տոկոսով, գազի թանկացումը՝ 18-20 տոկոսով են անում, աշխատավարձի բարձրացում այդքան չկա, եկամուտների ավելացում չկա»,- ասում է տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ նորմալ է, երբ օբյեկտիվ պատճառներով թանկացում է լինում, բայց եթե դա տեղի է ունենում կոնկրետ անձնաց կամքով և պայմանավորված չէ շուկայական հարաբերությունների հետ, անհասկանալի է:

«Ինչքանո՞վ ես հավատամ այդ մարդկանց, որ համաշխարհային շուկայում գինը բարձրացել է: Ես ինձ թույլ կտամ կասկածել: Թանկացումը կարող է նույնիսկ իրար մեջ պայմանավորվածության արդյունք լինի, չգիտեմ վերջնական եզրակացություն չեմ ուզում անել, բայց հուսանք, որ թանկացումը 40 տոկոսվ չի լինի»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

© Medialab.am