Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը

Երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 2-ին Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը:

«ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն՝ ընդլայնված պատվիրակությունների կազմով»,- հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին, ինչպես նաև՝ պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: