Միջուկային էնէրգիա. մինչ բնապահպանները մտահոգություններ են հնչեցնում, ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է փորձաքննության Մեծամորում

Ճապոնիայի ատոմակայաններում երկրաշարժից ու ցունամիից հետո ստեղծված արտակարգ իրավիճակը մասնագետների առիթ է տվել կրկին քննարկելու Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցերը, որը միջազգային մամուլում վերջերս որպես «ամենավտանգավորներից» մեկն է որակվել:
«Կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին, հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները` ևս մեկ անգամ ռևիզիայի ենթարկեն մեր անվտանգության բոլոր կանոնները և իրավիճակը»,-մայիսի 10-ին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ սթրես-թեստերով մասնագետները պետք է պարզեն ատոմակայանի ուժեղ և թույլ կողմերը:
Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցը արդեն մի քանի տարի է` արդիական է: Ավելի քան երեք տասնամյակ գործող, խորհրդային ժամանակներում կառուցված ատոմակայանը, որը ներկայումս ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի գրեթե 40 տոկոսը, նախատեսվում է փակել նորը կառուցելուց հետո: Այն համարվում է ռիսկային, քանի որ բավական հին է և, ըստ բնապահպանների, կառուցված է «սխալ» գոտում:

«Աշխարհում է փոխվել վերաբերմունքը ատոմակայանների հանդեպ,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ նախկին բնապահպանության նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: – Եթե ամենաառաջավոր երկրներից մեկը` անգամ Ճապոնիան, այդ առումով վտանգված է, ինչպե՟ս կարելի է «ապահով» համարել մեր ատոմակայանը»:

Ատոմակայանի անվտանգությունը ստուգելու համար նախատեսվում է, որ գալիք շաբաթ Հայաստան այցելող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի տասներկու փորձագետները մինչև հունիսի 1-ը փորձագիտական հետաքննություն կանցկացնեն տեղում` պարզելու ատոմակայանի` աղետներին դիմակայելու և անվտանգության մակարդակի բազմաթիվ հարցեր:

«Նման փորձաքննություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում, բայց ընդունված կարգ է աշխարհում. հրավիրվում են անկախ փորձագետներ, որոնք տալիս են իրենց եզրակացությունը,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը,- որից հետո մենք հետևություններ կանենք ու անհրաժեշտության դեպքում` փոփոխություններ»:

Ըստ Աշոտ Մարտիրոսյանի` հայկական ԱԷԿ-ում սթրես-թեստերի միջոցով հնարավոր կլինի ստուգելու ատոմակայանի անվտանգությունը առավել խորացված ուսումնասիրությունների միջոցով: Հատուկ հետազոտություններով կստուգվի մեր տարածաշրջանի համար հատուկ երկրաշարժի, ինչպես նաև փոթորիկի ազդեցությունը ատոմակայանի վրա:

«Մենք ևս հակված ենք խոր վերլուծություն կատարել` կարևորելով հատկապես մեր տարածաշրջանի համար առավել վտանգավոր երկրաշարժի հավանականությունը»,-ասում է Մարտիրոսյանը, որը հավատացնում է, թե անվտանգության առումով Մեծամորի ատոմակայանը ճապոնականից ապահով է:

Սակայն մինչ հետազոտություններն ու անվտանգության գնահատումը, Հայաստանի հարևան Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում արդեն իսկ աղմուկ են բարձրացրել Մեծամորի ատոմակայանի անվտանգության առնչությամբ:

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, թե հայկական ատոմակայանի վիճակի մասին տեղեկությունները «չափազանց մեծ անհանգստություն են պատճառում», և կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի հետ:

Ըստ վրացական Asaval Dasavali weekly-ին նրա տված հարցազրույցի` Վրաստանի իշխանություններն «ուղղակի պարտավոր են» բանակցություններ վարել հայկական կողմի հետ, որպեսզի «խուսափեն սպասվելիք ողբերգությունից»:

Ապրիլի 20-ին Կիևում տեղի ունեցած միջուկային գագաթնաժողովում Մեծամորի փակման անհրաժեշտության մասին են բարձրաձայնել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն և Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

«Նման բոլոր հայտարարությունները պարզապես չպետք է լուրջ ընդունել: Մենք բաց ենք, բոլորը կարող են գալ, նայել և տեսնել մեր ատոմակայանը: Եթե որևիցե խնդիր լիներ, ապա առաջինը միջազգային կազմակերպությունը կարգելեր մեզ աշխատել»,- Panorama.am-ին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Սակայն այս տրամադրությունները չեն կիսում Հայաստանի բնապահպանները:

«Ի՟նչ անվտանգության մասին է խոսքը, երբ ատոմակայանը կառուցված է սեյսմիկ գոտում, գտնվում է ոչ թե բնակելի տարածքներից 200 կմ հեռու, այլ հոծ բնակեցված բնակավայրում, երբ կառուցված է գյուղատնտեսական համալիրի կողքին, արտեզյան հզոր ջրամբարի մոտակայքում, մայրուղիների և օդանավակայանի հարևանությամբ»,- «Մեդիալաբին ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Սակայն Աշոտ Մարտիրոսյանը բնապահպանների քննադատությունները համարում է անհիմն և «դեկլարատիվ»:

«Այդ հայտարարությունները հիմնված չեն հետազոտությունների վրա»,- ասում է նա:

Մինչդեռ բնապահպանները պնդում են, որ հետազոտություններ խորհրդային տարիներին արվել են:

«Որպես բնապահպան ես հասկանում եմ, թե ինչ վտանգներ կան, որպես քաղաքացի` գիտակցում, որ ատոմակայանին այլընտրանք չունենք»,- ասում է Դանիելյանը:

Նա ասում է, որ Հայաստանն ամբողջովին գտնվում է սեյսմիկ գոտում և փոքր է բնակելի տարածքներից հեռու լինելու համար:

«Սակայն եթե հիշենք ցուրտ ու մութ տարիները, երբ ատոմակայանը կանգնած էր, և թե ինչ ողբալի վիճակում էինք մենք, մնում է հուսալ, որ միջազգային փորձը հնարավորություն կտա անվտանգ շահագործելու ատոմակայանը»,- ասում է Դանիելյանը:

Դիանա Գալստյան

© Medialab