Արցախում արդեն 300 երեխա է ծնվել շրջափակման մեջ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 78-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 24-26-ի դրությամբ: 

Օրվա վիճակագրական թարմացումները հետևյալն են.

2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 127 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 30.800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: