Արտաքին ուժերը «երկաթը տաք-տաք են ծեծում» և ողբերգական պայթյունից հետո Բեյրութում հակակառավարական ցույցեր սկսեցին․ Արաբագետ

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցազրույցը արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

– Բեյրութում խոշոր, ողբերգական պայթյունից երեք օր է անցել, և կատարվածի հստակ պատճառը չի մատնանշվել։ Հիմնական վարկածներից մեկը իշխանության անփութությունն է։ Արդյոք այդպես է, ի՞նչ քննարկումներ են ընթանում այդ երկրում։

– Պաշտոնապես հայտարարվեց, որ Բեյրութի քաղաքային նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել պահեստարանում ամոնիումի նիտրատի բռնկման հետևանքով։

Երբ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց, արդեն իսկ ակնհայտ էր, որ պայթյունը հերթական դրսևորումն է Լիբանանի կառավարման, պետական, տնտեսական և ընդհանրապես բոլոր համակարգերում ու բոլոր ոլորտներում եղած ճգնաժամային իրավիճակի, այն համակարգային անփութության, որ տասնամյակներ շարունակ եղել է այդ երկրի բոլոր ոլորտներում։

Սա ընդամենը հերթական դրսևորումն էր, որը, ցավոք, ունեցավ նման ողբերգական հետևանք՝ մարդկային ու նյութական կորուստների տեսքով։

– Այդ դեպքից երկու օր անց Բեյրութում ցույցեր էին, երեկ նույնիսկ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ի՞նչն էր պատճառը։

– Իհարկե, ես միանշանակորեն կանխատեսում էի նման զարգացումները, որովհետև, ինչպես հայտնի է, դեռ անցյալ տարվա հոկտեմբերից այս երկրում տեղի էին ունենում համաժողովրդական բողոքի ակցիաներ, որոնք հանգեցրին լուրջ ճգնաժամի, կառավարության հրաժարականի, մեծ դժվարությամբ նոր կառավարություն ձևավորվեց։

Բայց նոր կառավարությունը, որը գործում է մոտ կես տարի, չհասցրեց իր առաջ քաշած հիմքային բարեփոխումների ծրագիրը ի կատար ածել, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացավ ավելի մեծ ճգնաժամ։

Անգամ համավարակի տարածման ընթացքում մենք Լիբանանում ականատես էինք լինում բողոքի գործողությունների, քանի որ առողջապահական խնդիրը ավելի էր խորացրել այն սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի մեջ արդեն մի քանի տարի է՝ ապրում էր այդ երկիրը։ 

Ինչ վերաբերում է պայթյունին հաջորդած վերջին ցույցերին, ապա դրա վերաբերյալ երկու հիմնական վարկած կարող եմ առաջ քաշել։

Մեկը այն, որ այլևս լցվել է լիբանանյան հասարակության համբերության բաժակը, և անգամ այս թարմ վերքը դեռևս չսպիացած՝ մարդիկ պատրաստ են եղել դուրս գալ բողոքի ակցիայի՝ ցանկանալով ի վերջո հասնելու ամիսներ առաջ ուրվագծած համակարգային փոփոխության, պայքարի ցանկալի ավարտին, իսկ երկրորդ վարկածն այն է, որ բողոքի ակցիաները կարող են ունենալ արտաքին միջամտության հետք։ 

– Դուք հավանաբար հետևել եք՝ ցույցերում ի՞նչն է եղել մարդկանց հիմնական պահանջը, և հետո որ ասում եք՝ չեք բացառում արտաքին միջամտությունը, ովքե՞ր են այդ արտաքին ուժերը՝ ըստ ձեզ։

– Բողոքի ակցիայի մասնակիցները բացականչում էին՝ «հեղափոխություն, հեղափոխություն», և ցույցերի հիմնական կենտրոնը խորհրդարանի շենքի մոտ էր։

Նրանք փորձ են արել ներխուժել խորհրդարանի շենք, բայց ոստիկանական ուժերը կանխել են այդ գործողությունը։ Ինչ վերաբերում է արտաքին ուժերին, առհասարակ այս երկրի նորագույն պատմությունը իրենից ներկայացնում է նաև արտաքին դերակատարների շահերի բախման պատմություն։

Իհարկե, սրա հիմնական բացատրությունը այս պետության համայնքային բնույթն է, ինչը բավականաչափ լայն հնարավորություններ է ընձեռում տարածաշրջանում հավակնություններ ունեցող հիմնական դերակատարներին պաշտպանել իրենց շահերը, ամրապնդել իրենց դիրքերը։

Օրինակ՝ տասնամյակներ շարունակ այստեղ ակտիվ են եղել Պարսից ծոցի հարուստ արաբական երկրները, Սաուդյան Արաբիան, որը եղել է հիմնականում սուննիական համայնքի հովանավորը, Իրանը, որը եղել է շիական համայնքի հովանավորը, Ֆրանսիան է ակտիվ դերակատարում ունեցել, ԱՄՆ-ը, որը աջակցել է քրիստոնեական համայնքին։

Եվ վերջին մի քանի ամիսներին մենք նկատում ենք, և ակնհայտ էր, որ Իրան-ԱՄՆ այս հակամարտությունը որոշակիորեն տեղափոխվել է նաև Լիբանանի տարածք, ԱՄՆ-ը Իրանի դիրքերը սահմանափակելու համար ահռելի քաղաքական և տնտեսական ճնշում էր գործադրում լիբանանյան «Հզբոլահի» և նրա գործընկեր լիբանանյան քաղաքական ուժերի, ինչպես նաև գործող իշխանության դեմ։

Այսինքն՝ ակնհայտ է, որ հակաիրանական այս պայքարի իրողությունները և այդ ուղղության կողմնակիցները փորձում են նաև օգտվել պայթյունի հետևանքով առաջացած իրավիճակից, ու «երկաթը տաք-տաք են ծեծում»։

– Կա՞ ինչ-որ ուժ, անհատ, որ առաջնորդում է այնտեղ հակակառավարական պայքարը և ինչպե՞ս է դրան արձագանքում պետությունը։

– Վերջին շրջանում՝ հոկտեմբերից սկսած, բողոքի գործողությունները սկզբնական շրջանում, քանի դեռ խաղաղ էին, հիմնականում պետությունը հանդուրժողականություն էր ցուցաբերում՝ փորձելով պաշտպանել ցուցարարներին, թույլ չտալ բախումներ։

Բայց աստիճանաբար, երբ բողոքի ցույցերում նկատվեցին հստակ ուղղորդումներ, երբ դրանք ստացան լիբանանյան որևէ դերակատարի դեմ հստակ արտահայտվող գործողությունների տեսք, մենք ականատես եղանք, որ իրավապահ մարմինները տարբեր համայնքների միջև հնարավոր բախումները բացառելու համար սկսեցին ավելի կոշտ մեթոդների դիմել։

Մի բան պետք է փաստենք՝ այս ամբողջ իրավիճակի պատճառը Լիբանան պետության բնույթն է։ Այս պետությունը համայնքային պետություն է, բազմաշերտ խնդիրներով ծանրաբեռնված, խայտաբղետ էթնիկ և կրոնական ուղղվածություն պարունակող պետություն է։

Ցանկացած դեպքում այս երկրում որևէ հակամարտություն հրահրելը մեծ ջանքեր չի պահանջում։ Այս վերջին գործողության ժամանակ էլ իրավապահների կողմից կարծես թե հիմնականում դրսևորվել է ադեկվատ վերաբերմունք․ արձանագրվել է պետական ինստիտուտ՝ Ազգային ժողով, ներխուժելու կամ հարձակման փորձ, և ոստիկանությունը կանխել է այդ գործողությունները։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am