Մարդու իրավունքների սահմանափակումներ սահմանող ռազմական դրության իրավական ռեժիմը պետք է վերացվի. Արթուր Սաքունց

ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է .

«Մարդու իրավունքների սահմանափակումներ սահմանող ռազմական դրության իրավական ռեժիմը պետք է վերացվի։

Բոլոր գործընթացները պետք է տեղափոխվեն իրավական և քաղաքական դաշտ։

Հիմա, առավել քան երբևէ պետք է երաշխավորել և ապահովել արտահայտվելու ազատությունը, կարծիքի արտահայտման ազատությունը։

Վերականգնել պետական ինստիտուտների արդյունավետ գործունեությունը, որը խաթարվեց նոյեմբերի 10-ին, և գործել բացառապես օրինականության դաշտում` հասարակական կարգի պաշտպանության համար, գործել բացառապես օրինականության դաշտում։

ԱԺ-ն պետք է դառնա քննարկումների հարթակը, քաղաքական քննարկումների հարթակ։

Մշտապես է եղել, երբ ԱԺ-ն որպես քաղաքական հիմնական մարմին չի հանդիսացել այդ հարթակը, ապա նրան փոխարինել են հանրային այլ հարթակներ։ Իսկ դա խորացրել է ճգնաժամը, որի հաղթահարման միակ տարբերակը, միջոցը, ոչ թե բովանդակային լուծումներն են եղել, այլ պատժիչ գործողությունները, ժամանակավոր, մասնակի լուծումները, որոնք չլինելով համակարգային, ընդամենը հետաձգել են ճգնաժամի բուն պատճառների լուծումը։

Միաժամանակ, պետք է ապահովել բացառիկ օրինականություն, մարդու իրավունքների հարգման հիման վրա, քննարկումների քաղաքակիրթ պայմանների ապահովման համար։

Քաոսի ու անարխիայի առաջացման կանխումը միայն իրավունքների անհամաչափ սահմանափակումների միջոցով երբևէ չի եղել արդյունավետ, այլ ավելի է խորացրել հանրային ճգնաժամը, մեծացնելով անվստահությունը թե պետության, թե հանրության տարբեր խմբերի ու հատվսծների միջև։

Այս ամենը չապահովելու դեպքում ապատեղեկատվության ծավալն ավելի է մեծացնում իր բացասական ազդեցությունը` նպաստելով անկայունության խորացմանը։

Պետք է խոսել, քննարկել, գործել, ոչ թե արդարանալ, մեղադրել, պաշտպանվել։

Ի վերջո, ԱԺ-ում պետք է ներկայացվեն ինչ պետք է արվի, ինչու պետք է արվի։

Կառավարման բացակայության պայմաններում, ամեն մեկն ըստ իր հասկացածով գործելու բնական միտումը բացառիկ կործանարար հետևանքներ կունենա»։