88-ը բացառիկ էր. մանիպուլյատիվ ու հակագիտական են համեմատությունները․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ես ընդդիմադիր շարժման չափազանց մեծ փորձ ունեմ։ Հարթակում եմ եղել 2003, 2008թթ-ի նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացների ժամանակ, վարել եմ այդ շարժումների տասնյակ հանրահավաքներ։

Այդ շարժումները` իրենց ծավալով ու ընդգրկումով, իրապես զանգվածային են եղել ու չի կարելի այսօրվա շարժումը, որ իր ծավալով փոքր է անգամ 2013-ի Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից, համեմատել դրանց հետ ։Ուղղակի անբարեխիղճ, սուբյեկտիվ համեմատություն է։ Բայց ավելի մեծ մանիպուլյացիա է, եթե կուզեք` հակագիտական մոտեցում, երբ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժումը համեմատում է 88-ի համազգային շարժման հետ։

Ինչո՞ւ եմ ասում հակագիտական մոտեցում։ 88-ի շարժումը բացառիկ է, որովհետև դա էությամբ ազատագրական պայքար էր` ընդդեմ կայսրության, նրա ազգային քաղաքականության, որն, ի վերջո, հանգեցրեց Հանրապետության ստեղծմանն ու արցախյան առաջին պատերազմի հաղթանակին։ Սեփական պետության ներսում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ 88-ի կրկնություն։

Ներքաղաքական պայքարը համազգային նման կոնսոլիդացիա առաջացնել չի կարող։ Այս իմաստով` վիրավորական ու հակագիտական է նաև 2018-ի համեմատությունը 1988-ի հետ, եթե նույնիսկ չորս տարի առաջ փողոցները հեղեղված էին տասնյակ հազարավոր մարդկանցով։

1991-ից հետո, բոլոր գործընթացները բնույթով ներքաղաքական են, եթե անգամ կարգախոսային մակարդակում Հայաստանը «փրկում» են «թրքացումից»։