Վարչապետն ուղղակի ուղղորդում է իրավապահ մարմիններին, երբ ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե գերիներին պետք է դատել. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Գերիներից մեկն արդեն կալանավորվել է, իսկ մյուսը, որը մայոր է, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Ինչպե՞ս եք վերաբերվում գերիների նկատմամբ տարվող պետական այս քաղաքականությանը։

– Բացասական վերաբերմունք ունեմ կատարվողի առնչությամբ։ Նոր վերադարձած գերիներին մեղադրանք առաջադրելն անընդունելի է, այդ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են եղել ու դեռ վերականգնողական փուլ էլ չեն անցել հայրենիք վերադառնալուց հետո, իսկ այդ ամենից դեռ ուշքի չեկած՝ փորձում են կալանավորել նրանց։ Ես ողջունում եմ այն դատավորին, որը գերիներից մեկին չի կալանավորել, որովհետև միայն օրենքները չեն այս հարցում, պետք է նաև մարդկային մոտեցում ունենալ ու հասկանալ՝ այդ մարդու հոգեվիճակն ինչպիսին է, որ մի հատ էլ նրան կալանքի ենթարկեն։ 

Իշխանությունների հայտարարությունները համարում եմ ուղղորդում իրավապահ մարմիններին, որ գերիներին անպայման կալանավորեն կամ քրեական գործ հարուցեն: Երբ վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե գերիներին պետք է դատել, ուղղակի ուղղորդում է իրավապահ մարմիններին։ Սա պաշտոնի չարաշահում է, ու իրենց հայտարարություններից հետո այս հետևողականությունը համարում եմ անմարդկային վերաբերմունք։ Չգիտեմ՝ ինչ ասել է ծանր հետևանքներ են առաջացրել, կարծում եմ՝ պաշտոնատար անձանց գործողությունները պատերազմի հետ կապված, շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացրել, քան այդ գերիների։ 

Խորհուրդ կտամ պարոն վարչապետին հետևողական լինել խաղաղ պայմաններում արձանագրված մահերի դեպքերով, որոնք կոծկվում ու վերածվում են ինքնասպանությունների։ Խորհուրդ կտամ նաև բանակում սպանությունների բացահայտման ուղղությամբ հետևողական լինել ու բանակը կարգի հրավիրել և ոչ թե գերիներին հետապնդել։ Իրենց ամբողջ թիմով հետապնդում են գերիներին, ինչը համարում եմ վերադարձի խոշտանգման պրոցես՝ Ադրբեջանից մինչև Հայաստան։

– Այս գործընթացի նպատակը ձեզ համար պա՞րզ է, որովհետև մենք հիշում ենք, որ ամիսներ առաջ նույն այդ գերիները իշխանության համար հերոսներ էին, ի՞նչն է այս կտրուկ շրջադարձի պատճառը։

– Ինձ համար անհասկանալի է, այդ հարցը ես էլ եմ տալիս, թե գերիներին հետապնդելու նպատակը ո՞րն է, երևի առաջիկայում ինչ-որ բացահայտումներ կլինեն։ Սա միայն գերիների խնդիրը չէ, այս կերպ իշխանությունը ճնշում է նաև գերիների ընտանիքներին։ Ես կհորդորեի դատարաններին, որ կալանավորման որոշում չկայացնեն, թող քննություն իրականացնեն, տեսնենք՝ ինչն ինչպես է։

– Տիկի՛ն Ալեքսանյան, այս գործընթացը ընդհանուր առմամբ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Այս անմարդկային մոտեցումը կարող է ազդել բանակ զորակոչվող մեր տղաների վրա, որոնք առանց այն էլ մի հրաշալի պայմաններում չեն ծառայում, որը նրանց կոգևորի բանակ զորակոչվել։ Վարչապետը երբ ելակ էր մատուցում զինվորներին, թող չկարծի, թե ինքը կատարյալ պայմաններ է ստեղծել, ամենադժոխային պայմաններով են անցել մեր զինծառայողները՝ առանց խրամատի, հագուստի և այլնի։ 

Սա անընդունելի, անմարդկային վերաբերմունք է այդ տղաների նկատմամբ, որոնք, չգիտենք՝ ինչ խոշտանգումների միջով են անցել Ադրբեջանում, հիմա էլ կալանավորվում են։ Իսկ այս ամենի նպատակը կարող է բացատրել վարչապետը, որովհետև սա նրա հայտարարությունների հետևանքն է ու նաև Ազգային ժողովի նախագահի, չգիտեմ էլ՝ ծառայել է բանակում, թե՝ ոչ, բայց կարծես մտածում է, որ ստեղծված է ցոփ ու շվայտ կյանքի համար, որ ասում էր, թե գերիներն իր համար գոյություն չունեն։ Իսկ ինքը գոյություն չունի Հայաստանի բնակչության կեսից ավելիի համար։

– Իսկ հանրության կողմից այս գործողությունները ի՞նչ արձագանք կստանան՝ ըստ ձեզ։

– Սրանով նրանք ցանկանում են լռեցնել նաև մյուս գերիների ընտանիքներին, նրանք ցանկություն չունեն բողոքի ձայն լսելու, դա իրենց խանգարում է ապրել։ 

Իշխանությունը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, բայց տեսնում ենք, որ չկա այդ պատասխանատվությունը, այն իսպառ բացակայում է։

– Կարծում եք, որ սա պատասխանատվությունից խուսափելու միջո՞ց է նաև։

Այո՛, առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Պատերազմում շատ հանցագործություններ են տեղի ունեցել, հարուցվել են քրեական գործեր, բայց մենք չենք տեսնում, որ բարձրաստիճան զինվորականները պատասխանատվության ենթարկվեն, փոխարենը սևեռվել են ոչ միայն գերիների, այլ նաև ժամկետային զինծառայողների ու նրանց խեղճ ու կրակ ընտանիքներին ճնշելու ու հալածելու վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am