Գերությունից վերադարձած մեղադրյալներից մեկը մայոր է. նա չի կալանավորվել

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ գերի ընկած և դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիներից մեկը՝ Ն. Ե.-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գևորգ Պետրոսյան-խմբ.) որոշմամբ չի կալանավորվել: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Փաստաբանը չմանրամասնեց՝ արդյոք իր պաշտպանյալն ընդունում կամ չի ընդունում մեղադրանքը: «Ես չեմ համաձայնեցրել իմ պաշտպանյալի հետ, թե ինչ շրջանակներում պետք է խոսել քրեական գործի ու դրա հանգամանքների մասին»:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալն է եղել, իսկ կոչումով մայոր:

Ավելի վաղ «Մեդիալաբը» տեղեկացրել էր, որ այս նույն գործով Ս. Ա-ն, որը նույն օրը վերադարձել էր Ադրբեջանից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր:

MediaLab.am