«Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում». Ջոն Բոլթոն. «Ազատություն»

«Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում». Ջոն Բոլթոն. «Ազատություն»
«Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում». Ջոն Բոլթոն. «Ազատություն»

«Քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ: Վարչապետին ասացի, որ սա ակնհայտորեն շատ ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ»։

Այդ մասին «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով մինչ այդ հանդիպել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

«Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խմդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի։ Բնականաբար, շատ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի [հովանո ներքո ընթացող] գործընթացի մասին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարևոր դերի մասին, խոսեցինք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի մասին։ Ես շեշտեցի, որ Միացյալ Նահանգները, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում: Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, ինչպես նաև որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը»,- ասել է Բոլթոնը:

Նա նշել է, որ իրենք գիտակցում են, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց նաև ընդունում են, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում:

Նա նշել է նաեւ, որ Փաշինյանի հետ խոսել են կոնկրետ Հայաստանում ամերիկյան ուղիղ ներդրումների ավելացման հեռանկարի մասին։

«Ասացի նրան և նրա խորհրդականներին և ավելի վաղ կայացած հանդիպումների ժամանակ՝ արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, ազգային անվտանգության խորհրդականին, որ ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է և ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը։ Այնպես որ, կան մի քանի բաներ, որ մենք ուզում ենք դիտարկել այնտեղ, և հուսով եմ, որ կկարողանանք ինչ-որ բան սկսել, որովհետև կարծում եմ, որ Հայաստանը որքան ավելի շատ է բաց արտաքին աշխարհի համար և չի սահմանափակվում իր սահմաններով՝ հատկապես ինտերնետի դարում, հնարավոր կլինի հաղթահարել սահմանների հետ կապված որոշակի խնդիրներ, և գուցե ամերիկյան ներդրումները դա դյուրացնելու հնարավոր եղանակ լինեն»,- ասել է Բոլթոնը: