«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր». Վարդան Օսկանյան

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր». Վարդան Օսկանյան
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր». Վարդան Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանել է հարցմանը, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական։
Հիշեցնենք, որ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի ընդունել է բանաձեւ, որը որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական համարում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Հայաստանը եւս դեմ է քվեարկել բանաձեւին` Ռուսաստանի,  բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսի, Վենեսուելայի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Բոլիվիայի կողքին։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին,-մամլո հաղորդագրության մեջ նշում է Վարդան Օսկանյանը եւ բացատրում: 

Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը:

Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:

Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:

Այս երկուսի համադրումը բնականաբար հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:

Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ սա թերևս ավելի կարևոր էր, որովհետև վերջիվերջո սա է հիշվելու և ոչ թե մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը:

Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»,- նշել է Վարդան Օսկանյանը:

© Medialab.am