ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկելու են իրենց խղճի և մտքի համոզմունքով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Մենք երեկ խմբակցության նիստին որոշում ենք կայացրել, որ ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև այսօր հետևելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարցերի պատասխաններին, պատգամավորները իհարկե իրենց խղճի և մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ ինչպես միշտ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչման և առաքելության սկզբունքով»,-ասաց Մակունցը:Անդրադառնալով Սասուն Միքայլելյանի բացակայությանը՝ խմբակցության ղեկավար Մակունցն ասաց, որ Միքայելյանը նաև նախորդ քառօրյա նիստին ներկա չի եղել՝ առողջական խնդիրների հետ կապված:
Խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ նա չկատարեց, սակայն կրկնեց՝ խմբակցության պատգամավորը քվեարկելու է իրենց խղճի և համոզմունքների համաձայն: Անդրադառնալով հարցին, թե խմբակցությունը միակա՞մ է, Մակունցն այս մասին որևէ հրապարակում չարեց՝ շեշտելով, որ քվեարկությունը փակ է:ԱԺ-ում ժամը 15:00-ից մեկնարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվեարկությունը:
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։