«Անհնար է որ այս տղան զորքի առաջ ինքնասպան լինի, դա նշանակում է, որ դու զորք չունես». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, Արցախի զորամասերից մեկում հունվարի 30-ին կրկին զինվոր է մահացել։ Վահրամ Ավագյանի ծնողները չեն հավատում Քննչական կոմիտեի առաջ քաշած ինքնասպանության վարկածին։ Ընդ որում, այդ գործով ձերբակալված երեք անձանցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է։

Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը ապացուցում են, որ բանակում ոչինչ չի՞ փոխվել, թե՞ ստացվում է, որ թեև հանրությունը պահանջում էր, որ բոլորի որդիները ծառայեն, բայց նրանցից ոմանց որդիները սպառնալիք են դառնում բանակի համար։

– Ցավոք, բանակը չունի այն կարգուկանոնը և չունի այն պայմանները, որ պետք է լինի բոլոր զինվորների համար։ Զինվորներն անհավասար պայմաններում են՝ մեկը արտոնյալ է, իսկ չքավոր խավը շարունակում է զոհեր տալ այդ արտոնյալ վիճակի պատճառով։

Ես այդ արտոնյալներին էլ չեմ մեղադրում, ես մեղադրում եմ բանակի ղեկավարությանը, որ ոչ մի կերպ հավասար պայմաններ չի ստեղծում բոլորի համար։ Հիմա պաշտպանության նախարարը հայտարարեց, որ քննությունն ամեն ինչ կպարզի, որ չի կարող պնդել, թե ինքնասպանություն է, բայց ես չգիտեմ, թե որքանով է նա հետևողական լինելու, որ այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտվի։

Մարդիկ այլևս չեն հանդուրժում, արդեն գյուղերով են ոտքի ելնում։ Երեկ ես նրանց համոզում էի, որ իրենց որդու դին հողին հանձնեն, չբերեն Երևան, բայց նրանց ոչ մի կերպ կասեցնել հնարավոր չէր։ 

Որևէ մեկը չի մտածում, որ կարող է դա իր զավակի հետ լինել, բոլորը մտածում են, որ իրենք ապահովված են, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էր, երբ ոչ մի բան իրենց չէր անհանգստացնում, նրանք էդ ցավը չէին տեսնում։ Առաջին անգամ պաշտպանության նախարարը եկավ մի տեղ, որտեղ իրեն վտանգ էր սպառնում, որ իրենք չէին ուզենա այդքան աղմուկ լինի։

Ցավոք, ոչ ոք չի գնում դեպքի վայր, զորամաս, չի գնում ծնողներին ցավակցելու, այն դեպքում, երբ իրենք գլխով են պատասխանատու զինվորի կյանքի համար։ Նախարարն անձամբ գլխով պատասխանատու է զինվորի կյանքի համար։ Արտոնյալ վիճակում են նաև պաշտոնատար անձինք, նրանք, որոնք պատասխանատու են զինվորի կյանքի համար։ 

– Վերջին շրջանում, հին ավանդույթի համաձայն, գրեթե բոլոր գործերը որակվում են որպես ինքնասպանություն։ Ծնողը պատմում է, որ երկու օր առաջ որդին եկել է, ամեն ինչ շատ լավ է եղել, ու հանկարծ ինքնասպանության լուրն է տարածվում, և մարդիկ դրան չեն հավատում։ Ինչո՞վ եք բացատրում, որ փորձում են ամեն կերպ տեղի ունեցածը ներկայացնել որպես ինքնասպանություն։

– Այո՛, անհավանական է, որ այս տղան ինքնասպան է եղել, անհնար է, որ նա զորքի առաջ ինքնասպան լինի։ Դա նշանակում է, որ դու զորք չունես։ Ես հրամանատարին ասացի՝ գոնե մի՛ ասեք, որ զորքի առաջ է եղել, քանի որ դա անպատվություն է։ Քննչական կոմիտեն և զորամասը կարում են ինքնասպանություն, առաջ են տանում այդ վարկածը։

Մենք ինքնասպանության չորս գործ ունենք, բայց դրանք սպանություն են. սպանում են որդուն, հետո մեղքը գցում ծնողի վրա, սա անբարո վարք է, և ինձ շատ է զարմացնում, որ այս կեղծիքը հանդուրժում է գերագույն գլխավոր հրամանատարը։ Ղեկավարների կողմից կեղծ հայրենասիրություն է, երբ նրանք չեն վերացնում այս խայտառակ իրավիճակը, հետո սկսում են բանակի մասին կենացներ խմել։

– Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։ 

– Պետք է բանակում կարգուկանոն հաստատվի, վերահսկողությունն ուժեղացվի։ Սպանողին պետք է պատժել, բայց կատարողը երբեք չի պատժվում, քանի որ ինքնասպանություն է որակվում։ Ես երեկ երեկոյան այնտեղ էի, այդ գյուղում։ Անպաշտպան է այս ժողովուրդը իշխանության առաջ, որ իրենց տղային սպանում են, և իրենք ոչինչ չեն կարող անել։ Քանի որ Շմայսի անուն էր շրջանառվում, իրենք առավել անպաշտպան էին, քանի որ շմայսները միշտ արտոնյալ են եղել։

Մանե Հարությունյան

MediaLab.am