Այս հակառուսականությունը ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է. Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը 

– «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում՝ ներառյալ ՀԱՊԿ-ը։ Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումն ամփոփող ասուլիսի ժամանակ։ Պարո՛ն Պետրոսյան, այս հայտարարությունը ի՞նչ մեսիջներ է պարունակում։

– Իմ խորին համոզմամբ՝ ուղերձը մի փոքր այլ է, ու չի վերաբերում միայն ՀԱՊԿ-ին, այսինքն՝ սա ավելի շատ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք իրականում գնում են շատ ավելի խորքային ու ծայրահեղ սրման, ու հարցն ամենևին էլ այն չէ, որ Հայաստանի իշխանությունը կարող է պարտադրանքի տակ վերջին վայրկյանին ցանկացած բան անել, այլ այն, որ ամբողջ հասարակությունը բոլոր հնարավոր խողովակներով օր օրի դառնում է ավելի հակառուս՝ իշխանության նախաձեռնությամբ։ 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ռուսական կողմն այնքան էլ կարևորություն չի տալիս դրան, որովհետև, միևնույն է, գետնի վրա նա ավելի շատ է ներկայացված բոլոր տեղերում, քան նախկինում կարող էր ներկայացված լինել։ Հիմնական խնդիրը, եթե ֆորմալային առումով նայենք, միայն ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանը որևիցե կերպ ո՛չ արձագանքում է, ո՛չ ասում է դուրս գալու մասին։ Իսկ հետևանքները, թե ի՛նչ կարող են լինել, չփորձեմ տարբեր ոլորտներով ներկայացնել, այլ մի բառով ասեմ, որ կարող են սարսափելի լինել։ 

Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչի կարող են հանգեցնել այս ընդհանուր հակառուսականությունը, քաղաքական այս խորքային տգիտությունը, թե ինչի ու ում հետ գործ ունեն ընդհանրապես: Սա ոչ թե վախեցնելու համար եմ ասում, այլ, իսկապես, մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա բառի բուն իմաստով։ Ամեն ինչ կարող է լինել շատ արագ ու սարսափելի, սա ամենամեծ խնդիրն է։

– Կարո՞ղ ենք ասել, որ Լավրովը նախազգուշացնում էր Հայաստանին։

 – Բնականաբար, ես ասացի, որ այստեղ խնդիրն ամենևին էլ ՀԱՊԿ-ը չէր, այլ հայ-ռուսական հարաբերությունների ֆորմատով էր նախազգուշացում գնում, իսկ եթե ավելի կոնկրետ ասեմ, ապա, բնականաբար, դա նախազգուշացում էր, որը որպես այդպիսին ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, բայց արտահայտված է ՀԱՊԿ-ի ձևով։ 

– Որ ասում եք՝ սարսափելի, ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Պետրոսյան, պետականության կորո՞ւստ։

– Եթե դուք մտածում եք, որ մենք հիմա պետականություն ունենք, չարաչար սխալվում եք, ձևն ու բովանդակությունը խորքային հակասության մեջ են այսօր։ Կարող են տարբեր ուղղություններով այնպիսի պատժիչ գործողություններ սկսել, որ որևէ մեկը չկարողանա դրա դեմն առնել ու, բնականաբար, ոչ իրենց ուղիղ մասնակցությամբ։ 

Եթե հիմա, օրինակ՝ Վարդենիսից, Երասխից, ինչ-որ տեղից ադրբեջանական զորքերը որոշեցին մտնել, ինչ-որ մեկը կկարողանա՞ կանգնեցնել նրանց, թե մենք մտածում ենք, որ կան ինչ-որ երկրային ուժեր, որ գալու են զսպել, մինչև Երևան որ մտան, ո՞վ է կանգնեցնելու դա, թե՞ մտածում եք, որ Իրանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանն են զսպելու։

Ադրբեջանական մահակի միջոցով հնարավոր է ամեն րոպե ամեն բան անել, հետևաբար այս հակառուսականությունը ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Այստեղ չկա տրամաբանություն ընդհանրապես, մենք հասկանում ենք, որ իշխանության առաքելություններից մեկը այդ հակառուսականությունն է նաև, բայց նաև այս խաղաղության օրակարգի շրջանակում սա ամենախորքային տգիտությունն է։ 

Իշխանությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ կլինի, նրանց այս պահին միայն հետաքրքրում է իրենց ֆիզիկական անվտանգությունը, ու իրենք ասել են, որ այստեղ իրենցից որևէ բան այլևս կախված չէ, դուք իրար հետ պայմանավորվեք, տվեք մեզ օրակարգը, որը պետք է իրականացնել, մենք դա կանենք։

– Այդ օրակարգը ո՞վ է տվել իշխանությանը։

– Չեմ կարող ասել, թե որ կենտրոնն է կոնկրետ դրա հետևում, բայց որևէ մեկին չի էլ կարելի բացառել: Գուցե նաև իրենք են սրա խորքային կրողը, բայց այս պահին դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ես արձանագրում եմ փաստը, ու գիտեմ, թե դա ինչի կարող է բերել, ու մենք այնքան մոտ ենք այդ սարսափելի հետևանքներին, որ չենք էլ պատկերացնում։

– Ստացվում է, որ իշխանությունը հակառուսական քաղաքականություն է վարում՝ Արևմուտքից չունենալով իրական աջակցության երաշխիքնե՞ր։

– Իհարկե, խոստումներ հնարավոր է ունեն, բայց աջակցություն չունեն ոչ մի տեղից, կարող է անձնային, խմբային աջակցություն ունեն, բայց իրական աջակցության մասին խոսք լինել չի կարող։ Այս ամենից ազատվելու համար անհրաժեշտ, ոչ բավարար պայմանը իշխանափոխությունն է, հետո նոր սկսվելու է մնացածը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am