Գերմանիայում կործանիչներ են օդ բարձրացվել՝ ուղևորատար ինքնաթիռն ուղեկցելու համար

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի օդանավակայանում ոստիկանական գործողություն է իրականացվել, որի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։ Ուղևորատար ինքնաթիռն ուղեկցելու համար օդ են բարձրացվել Eurofighter կործանիչներ։

Ինչպես հաղորդում է գերմանական dpa գործակալությունը, ոստիկանական գործողությունը սկսվել է Հունաստանի Կորֆու կղզուց ժամանող ինքնաթիռի վայրէջքից քիչ առաջ։ Ավելի վաղ օդանավի անձնակազմն արտակարգ իրավիճակի ազդանշան էր ուղարկել։

Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Նյուրնբերգի օդանավակայանում։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում որևէ վտանգ չի հայտնաբերվել։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան Նյուրնբերգի օդանավակայանում ևս մեկ միջադեպ է գրանցվել։ Երեք օդաչուներ, միմյանցից անկախ, թռիչքի կամ վայրէջքի ընթացքում օդանավակայանի տարածքում նկատել են անհայտ օբյեկտ, որը, նրանց ենթադրությամբ, կարող էր անօդաչու թռչող սարք լինել։

Սակայն հատուկ ծառայություններին չի հաջողվել հայտնաբերել ենթադրյալ անօդաչուն։

Որոնողական աշխատանքների ընթացքում օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է։ Արդյունքում վեց չվերթ ուշացել է, իսկ ժամանող երկու ինքնաթիռ անվտանգության նկատառումներով նախ ուղղորդվել են Քյոլնի և Պրահայի օդանավակայաններ։ Ավելի ուշ երկու ինքնաթիռներն էլ վայրէջք են կատարել Նյուրնբերգում։