Իշխան Սաղաթելյանը այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե դիմադրության շարժման ներսում պառակտում չկա: «Հակառակը, կա համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության կամ մեկ անհատի շուրջ: Մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ», -ընդգծել է նա:
Ավելին, Սաղաթելյանը դիմադրության շարժումը համեմատեց 1988 թվականի արցախյան շարժման հետ. «Այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է»։
Սաղաթելյանը նաև ներկայացրեց իրենց ղեկավարած շարժման ձեռքբերումները.
«Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։
Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։
Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։
Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»: