Սամվել Կարապետյանի կողմնակիցները չեն էլ թաքցնում, որ ուզում են Հայաստանում մի նոր Իվանիշվիլի տեսնել, ինչպես Վրաստանում է. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, նախընտրական շրջան է Հայաստանում, քաղաքական թիմերը միմյանց են թիրախավորում՝ հատկապես գործող իշխանության ու Սամվել Կարապետյանի քաղաքական թիմերն են միմյանց ակտիվ թիրախավորում: Ընդհանուր տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս կգնահատեք:

– Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանում հայտնվելու և իշխանություն ձևավորելու ֆավորիտները 4-5 ուժ են, ու այդ փոխհրաձգությունները հիմնական այդ ուժերի միջև են տեղի ունենում: Որքան էլ իշխանությունն ասում է, թե խնդիր չունի ու կարող է 50 + 1 տոկոս հավաքել, ես խիստ կասկածում եմ, թե դա նրանց հաջողվելու է: 

Իշխանությունն այս պահին լուրջ խնդիրներ ունի, որովհետև իրենք գնում են շատ պոպուլիստական ու ժողովրդահաճո քայլերի, օրինակ՝ թոշակների բարձրացումը ընտրություններից 3 ամիս առաջ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը և այլն, այսօր էլ որոշում կայացվեց 0 տոկոսով վարկ տրամադրել գյուղացիներին՝ մինչև 2 միլիոն դրամ: Այս բոլորը ցուցիչներ են, որ իշխանությունը ևս լուրջ մտավախություններ ունի վերընտրվելու վերաբերյալ: 

Ընդդիմադիր դաշտում էլ հասկանում են, որ որևէ մեկն ի վիճակի չէ միայնակ իշխանություն կազմելու, իրենք էլ փորձում են վերադասավորումներ անել, դաշինքների գնալ, որ կարողանան ավելի մեծ ընտրազանգվածի համակրանքը շահել: 

– Հնչող որակումները միմյանց հասցեին, միմյանց ուղղված քննադատությունները որքանո՞վ են համապատասխանում քաղաքական բանավեճի, քաղաքական խոսույթի լրջությանը:

– Դա մեզանում նորություն չէ, միշտ էլ միմյանց հասցեին նման վիրավորանքներ են հնչեցվել, նմանատիպ հայտարարություններ նախընտրական շրջանում միշտ էլ եղել են, որևէ արտառոց բան ես չեմ տեսնում:

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե Սամվել Կարապետյանը դրսերում որոշ մարդկանց ինչ-որ բաներ է խոսք տվել, որոնք չի կարողանա կատարել, ու նրա ունեցվածքը ձեռքից կխլեն: Այս հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք:

– Ռուսաստանում ապրող ու այնտեղ բիզնեսներ ունեցող գործարարը երբեք չի կարող անվտանգ ու ապահով լինել: Փաշինյանի ակնարկն այն էր, որ Սամվել Կարապետյանին Կրեմլն է խաղի մեջ մտցնում, Սամվել Կարապետյանը խոստացել է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել ու եթե դրանում չհաջողի, Կրեմլը կարող է նրա ձեռքից հարստությունը խլել: Ես չեմ կարող ասել, թե այդ պնդումները որքանո՛վ են հիմնավորված: 

– Դուք որքանո՞վ եք այդ սցենարը հավանական համարում, որ Կրեմլն ուզում է Սամվել Կարապետյանի ձեռամբ այստեղ իշխանափոխություն անել, որովհետև կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանն իրականում աջակցում է Փաշինյանին, թե Հայաստանում Փաշինյանից ավելի պրոռուսական իշխանություն երբևէ չի եղել։

– Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում պրոռուսական ուժ, ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հարաբերությունները իրականում շատ լարված են, այն, ինչ էկրաններին է, միայն ցուցադրական մասն է, իրականում խորքային շատ լուրջ տարաձայնություններ կան՝ սկսած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց: 

Վերջին տարիներին նաև Փաշինյանն արել է մի շարք քայլեր, որոնք այդքան էլ Կրեմլի սրտով չեն, ավելին՝ Ռուսաստանին ավելի է հեռացրել Հայաստանից: Նա բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները, Հայաստանում իշխող ուժն ընդունել է Հռոմի ստատուտը, որով Պուտինն այլևս չի կարող գալ Հայաստան, քանի որ նրան հետապնդում է միջազգային քրեական դատարանը: 

Տեսնում ենք, որ փորձում է հայկական երկաթուղու կառավարումը հետ վերցնել ռուսական կողմից, խորացրել է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ի հովանավորությամբ գործարկել է Ռուսաստանը շրջանցող ԹՐԻՓՓ-ի նախագիծը և այլն, բազմաթիվ օրինակներ կան: Ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է Ռուսաստանին, կա՛մ քարոզչական նպատակ են հետապնդում, կա՛մ էլ քաղաքականությունից շատ խորությամբ չեն հասկանում: 

Ես վստահ եմ, որ հաստատապես Պուտինի երազանքը չէր, որ Հայաստանը իր հետևից դուռը շռնդալից փակի, դուրս գա ու բոյկոտի ՀԱՊԿ-ի աշխատանքները, Ռուսաստանը շատ ծանր է տանում ԹՐԻՓՓ-ի նախագիծը: 

Իսկ Սամվել Կարապետյանի մասով, կարծում եմ՝ այո՛, նա շատ վերահսկելի կարող է լինել, ունի բիզնեսներ Ռուսաստանում, և խաղադրույքը նրա վրա է դրված, որպեսզի իշխանությունը վերցնի Նիկոլ Փաշինյանից: Սամվել Կարապետյանի կողմնակիցները, ըստ էության, չեն էլ թաքցնում, որ ուզում են Հայաստանում մի նոր Իվանիշվիլի տեսնել, ինչպես Վրաստանում է, այսինքն՝ կա ֆորմալ կառավարություն, բայց այդ կառավարության գլխին նստած է մի օլիգարխ, որը կտրուկ վատացրել է հարաբերութունները Արևմուտքի հետ, ինչը միանշանակ Ռուսաստանի սրտով է: 

Այս ամենի ֆոնին օրերս Նարեկ Կարապետյանը տեղադրել էր Իվանիշվիլիի ու Ալիևի նկարներն ու ասում էր՝ «այսպիսին պետք է լինի ուժեղ առաջնորդը»: 

Այսինքն՝ ես պատկերացնում եմ սցենարը, որը նրանք ուզում են անել Հայաստանում. բերել մի օլիգարխի, որը բազմաթիվ թելերով կախված է Ռուսաստանից, փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը, վատացնել հարաբերությունները Արևմուտքի հետ ու Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ գցել Ռուսաստանից: Սա է իրենց ծրագիը, ու անձամբ ես չեմ կասկածում, որ Կրեմլի նպատակն ու մարտավարությունը սա է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am