Մեզ կրթություն պետք չէ՞

Վահրամ Թոքմաջյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն: Նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է:

Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում: Սա մշակույթի արժևորման բարձրագույն օրինակ է։ 

Մարդկության պատմության այդ ամենաողբերգական պատերազմից անցել են տարիներ, սակայն պատմության անիվը կրկնվում է։ Մենք մեր հայրենական պատերազմի մեջ ենք։

Չերչիլի այս միտքը կուզենայի պրոյեկտել կրթության վրա։ Կրթություն ասելով` հասկանում եմ ամբողջական համալիր կյանք, որի մեջ են՝ նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը, հետբուհական կրթությունը և, իհարկե՝ նորին մեծություն գիտությունը։

Օրերս Ազգային ժողովում կքննարկվի 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Այս ամբողջ աղմուկի, պատերազմի կրակոցների մեջ հանրության լայն շրջանակներին հուզեց միայն պարգևավճարների թեման։

Հանրությանը մեղադրել չի կարելի։ Այդ թեման վաղուց ուռճացված ու ներքաղաքական օրակարգի անբաժան մասն է։ Սակայն կան պարգևավճարներից ոչ պակաս կարևոր թեմաներ։ Օրինակ՝ կրթությունը։

Աչալուրջ ընթերցողը կարող է հարց տալ՝ բայց հիմա ի՞նչ կրթության ժամանակն է։ Կանխելու համար միանգամից պատասխանեմ․ հենց հիմա է կրթության ժամանակը։ Երբ պատերազմական օրերին մենք բողոքում ենք օդի բաց լինելուց, իսրայելական ու թուրքական անօդաչուներից մարդիկ են զոհվում, մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչո՞ւ։

Ինչո՞ւ չկարողացանք կանխատեսել այս ամենը, ինչու՞ չկարողացանք մերը ստեղծել։ Համատարած կոռուպցիային ու թալանին դեռ կհասցնենք անդրադառնալ։ Դրանք ամենահեշտ ու օդում կախված մնացած մեղադրանքներն են։

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ «պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»: Կրթության ծախսերը ՀՆԱ-ի կազմում տարեցտարի կրճատվում են (2018 թ.՝ 2.18%, 2019 թ.՝ 1.99%, 2020 թ.՝ 1.85%):

Այն կրճատվելու է այս տարի ևս։ Թե ինչքան՝ կիմանանք շուտով։ Մեր այս հետևողական անբաշարության ու ժլատության հետևանքով հասանք մի հանգրվանի, երբ սպանեցինք բնագիտությունը դպրոցում։ Մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան քիչ է մնում վերանան դպրոցներից։ Բուհական միջավայրում ունենալով տաղանդավոր կադրեր՝ ամեն տարի կորցնում ենք մասնագետների։ Արտագաղթում են, իսկ մնացողների համար էլ գրավիչ չէ՝ գիտությամբ տուն չես պահի։ 

Փոխարենն «արտադրում» ենք պատմություն չիմացող պատմաբանների, լեզու չտիրապետող լեզվաբանների, իրավաբանների՝ ինչքան ուզես, քաղաքագետ ու միջազգայնագետ, բայց արդյունքում, հայկական դիվանագիտությունը վաղուց հանգուցյալ է։

Բնավ միտք չունեմ ստորադասելու հումանիտար գիտակարգերն ավելի ճշգրիտ գիտություններին։ Կյանքը ցույց է տալիս, որ ձախողել ենք բոլոր ուղղություններով։ Զարկ տալով, ավելի շուտ՝ հումանիտարը հեշտ մատուցելով՝ սպանել ենք ճշգրիտը, արդյունքում՝ չենք շահել որևէ տեղ։ 

Միջոցներ չհատկացնելու համար միշտ պատճառներ կգտնվեն։ Հայաստանը 30 տարի պատերազմի մեջ է։ Դա պետք է որ վերախմբագրեր մեր կյանքը, ստիպեր այլ կարիքների ուշադրություն դարձնել։ Բայց ոչ։ Մենք միշտ պատճառներ ենք գտնում։ Մի տարի՝ ջրհեղեղ, մի տարի՝ համավարակ, մի տարի՝ ընտրություն ու այսպես շարունակ։ Իսկ կրթությունը հեռանում է ավտոբուսի վերջին դռնից։

Միգուցե հիմա լրջանանք։ Միգուցե հասկանանք, որ ամեն դեպքում մեզ կրթություն պետք է։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am