Ամուր գործընկերություն հայկական երկու պետությունների ոստիկանությունների միջև․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ոստիկանական կառույցների համագործակցությունը ավելի քան երեք տասնամյակի հարուստ փորձ ունի և տարեցտարի գործընկերությունից վերածվում է միասնական աշխատանքի, որի արդյունքը անհերքելի հաջողություններն են օրինապահության ապահովման գործում:

Վաղուց արդեն ավանդույթ ու գործելակերպ են երկու համակարգերի տարբեր օղակների միջև փորձի փոխանակումը, առկա խնդիրների համատեղ քննարկումն ու լուծումը, ոստիկանության ղեկավարության, տարբեր օղակների պատասխանատուների ու մասնագետների փոխայցելությունները:
Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։

Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Ողջունելով գործընկերներին` Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը և ընդգծեց հասարակական կարգի ապահովման ու հանցավորության դեմ պայքարի գործում արդյունավետ գործընկերության անհրաժեշտությունը:

Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշելով, որ համագործակցությունն օր օրի ամրապնդվում է՝ հավաստեց գործընկերությունն առավել խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Ելույթներում կրկին հաստատվեց այն իրողությունը, որ հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության ապահովման գործում Հայաստանի և Արցախի ոստիկանների միասնական աշխատանքը ավելի քան կենսական անհրաժեշտություն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ավարտին Վահե Ղազարյանն ու Աշոտ Հակոբջանյանը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, ինչին հաջորդեց պարգևատրման արարողություն։

***

Օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, պատասխան այցով Արցախի Հանրապետություն մեկնեց Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։

Նույն օրը Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվեցին Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվեց երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքի ապահովումը, ինչը վստահաբար ավելի արդյունավետ կդարձնի առաջադրված խնդիրների լուծումը:

Օգոստոսի 28-ին Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ոստիկանություն։

Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեց հայրենիքի անկախության և իրավակարգի պաշտպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Այնուհետև Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանն ընդունեց Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը։

Արցախի Հանրապետության ոստիկանության պետն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունն ավանդաբար արգասաբեր ու բարձր մակարդակի վրա է, իսկ 2020 թվականի հուլիսի 24-ին ստորագրված հուշագիրը նոր հիմք է, որ գործակցությունն առավել ամուր, կայուն ու արդյունավետ կլինի:

Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ առկա սերտ համագործակցությունը կլինի շարունակական և երկուստեք լուրջ հաջողություններ կարձանագրի երկու կառույցների աշխատանքում:

Ելույթներին հաջորդեց պարգևատրման արարողությունը։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ոստիկանական կառույցների ղեկավարների փոխայցելությունները ևս մեկ քայլ էին իրավապահ համակարգերի փոխգործակցության ամրապնդման, գործընկերության խորացման և աշխատանքի արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ վկան ոստիկանության պետերի հանդիպումից ընդամենը երկու օր անց Հայաստանի և Արցախի ոստիկանների համատեղ միջոցառումներով խարդախության մեղադրանքով հետախուզվողի հայտնաբերումն էր Արցախի Քաշաթաղի շրջանում։ Համագործակցությունն ամենօրյա է և հեռանկարային։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։