Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00։