«Ես քուն ու դադար չունեմ, չգիտեմ՝ որտեղ փնտրեմ տղայիս». Անահիտ Ադոյան

«Ես ամբողջ օրը քուն ու դադար չունեմ, չգիտեմ՝ որտեղ փնտրեմ իմ տղային ու իմ տղայի հետ բոլոր անհետ կորածներին»,- հուզմունքով ասում է 47-ամյա Անահիտ Ադոյանը, որը որդուց լուր չունի շուրջ 5 ամիս։

Որդին՝ 26-ամյա Վարդան Ադոյանը, պայմանագրային զինծառայող է եղել, մասնակցել է Արցախյան պատերազմին, ընտանիքի հետ վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի 20-ին։

Ադոյանների ընտանիքը մի կողմից անորոշության մեջ, դռնեդուռ ընկած փորձում է որևէ տեղեկություն ստանալ որդուց, մյուս կողմից՝ որդու նորաստեղծ ընտանիքը հայտնվել է ֆինանսական խնդիրների առջև։ 

«Իմ տղան էջմիածնի զորամասի քիմիկների չաստից էր, վերջին անգամ իրա հետ խոսել եմ հոկտեմբերի 20-ին: Նույն օրը կնոջ հետ էլ ա խոսել, ինձ ասեց՝ մա՛մ ջան, մենք գնում ենք ինչ-որ գործողություն կատարելու: Հոկտեմբերի 21-ին առավոտ շուտ Կապանից էրեխեքին ուղարկում են Զանգելան, երբ որ 2 օր առաջ Զանգելանը արդեն գրավված է եղել, այսինքն՝ ուղարկում են ժերտվա [զոհ – խմբ.]։

Տանում են էրեխեքին, ու էրեխեքն ընկնում են շրջափակման մեջ: 60 հոգանոց անձնակազմից 22-ը հետ են գալիս, 40-ը մնում են շրջափակման մեջ։ Իրենք գալիս են ու ոչ մի ծնողի չեն ասում, թե ի՛նչ ա տեղի ունեցել, 2 օր հետո ենք իմանում, որ ընկել են շրջափակման մեջ,- հուզմունքով պատմում է մայրը  և շարունակում: – Ես խանութում եմ աշխատում, հետս աշխատող աղջիկն ասեց՝ էրեխեքը հեսա գալիս են:

Ասեցի՝ զանգի տես՝ իմ տղե՞ն էլ ա մեջները: Իրա մորաքրոջ տղան եկողների մեջ էր, զանգեց մորաքրոջ տղային, նա ասեց՝ ոչ մի բան չասես, բայց սաղ տղերքն ընկել են շրջափակման մեջ: Ու ես էդ լսեցի: Իրա հեռախոսից ձայնը բարձր լսվում էր, հարցրեցի՝ ի՞նչ ա էղել, ասեց՝ ոչ մի բան ու դուրս փախավ»։

Անահիտ Ադոյանն ասում է՝ այդ պահից սկսած փորձում է պարզել՝ որտե՞ղ է որդին, սակայն մինչ օրս հավաստի որևէ տվյալ չունի տղայի մասին:

«Ես անմիջապես գնացի զորամաս, որ մի բան իմանամ, հետո ամեն տեղից փորձեցինք հասկանալ՝ ոնց ա եղել, ինչ ա եղել: Արդեն կլինի 5 ամիս ա անցել, բայց ոչ մի ճշգրիտ բան։ Անգամ մեր անհետ կորածների ծնողների մեծ տղերքը գնացին ԱԱԾ, պայմանավորվածությամբ Զանգելանի փոսից հանեցին մարմիններ։ 

Թուրքերը էդ բոյը [կռիվը – խմբ.] որ նկարել էին, ցույց էին տալիս վիդեոներով, որ մարմիններ կան էնտեղ: Մերոնք ասում են՝ տվեք մարմինները, թուրքն ասում ա՝ չունենք: Տղերքն ասում են՝ տվեք էն տղերքին, որ վիդեոներով ցույց եք տվել, որովհետև մի քանիսի ծնողները ճանաչել էին: Իրանք ցույց են տալիս փոսը, տղաները տրակտորով քանդում են ու մարմինները բերում Երևան։ 

Հիմա եկել ա, հասել ա, որ պիտի մասունքների նույնականացումը անեն, չգիտենք ինչի ձգձգում են: Փետրվարի 3-ին առաջին պարտիան դրվել ա, 57 մասունք ա եղել, իրենք դա 3 օրում պիտի վերջացնեին, արդեն ամիս ու կես ա, մինչդեռ հայտարարում են՝ օրական 30 մասունք ա դուրս գալիս։ էդ Զանգելանը մի հատ մեծ փուշ ա՝ կանգնած մեր իշխանության կոկորդին»,- ընդգծում է մայրը:

Ադոյանը կասկածելի է համարում մասունքների նույնականացման գործընթացի դանդաղումը, ասում է՝ ինչ-որ մութ բան կա այդ պատմության մեջ, հակառակ դեպքում արագ կիրականացվեր այդ պրոցեսը:

«Ես չեմ վստահում, մի բան կա թաքնված, իրանք ձգձգում են ամիս ու կես, այսինքն՝ կասկածելի բան կա։ Տղաները փոսերից հանել են, ամբողջական մարմին ա եղել, բայց իրարից անջատված, քանի որ թուրքը վառել ա ու լցրել փոսի մեջ, այսինքն՝ ոսկորները անջատվել են իրարից, բայց եղել են ամբողջական։ Հիմա ծնողներին զանգում են՝ մի թև, մի ոտք են որպես մասունք տալիս, իրանք ուզում են, որ մի թևով, մի ոտքով տանես, հողը դնես։ 

Մի քանի օր առաջ հրապարակում ակցիա էինք անում, հետո մենք թողեցինք, տուն եկանք, մյուս անհետ կորածների ծնողները մնացին, հրապարակը փակում են: Էս իշխանությունը երևի մտածում ա՝ ես էլ եմ փակողների մեջ եղել, ու առաջինը ինձ ա գալիս մասունք՝ տղիս ոտի թաթը: Ես ասում եմ՝ ես չեմ հրաժարվում, բայց տվեք իմ տղի ամբողջ մարմինը, ոսկորի մի փոքր կտոր ա համընկել ամուսնուս տված ԴՆԹ-ի պատասխանի հետ:

Ես ասում եմ՝ հավաքեք ամբողջ մարմինը, նոր տվեք: Հասկանում ենք՝ պատերազմ ա, մենք չենք հրաժարվում, բայց ամբողջ մարմինը տվեք, ոչ թե իմ բերանը փակելով՝ դուք փորձում եք, որ մի ոտք վերցնեմ, նստեմ տունը։ Էդպես մի 10 հոգու եկել ա՝ մի ձեռք, մի ոտք, ավել չի եկել»,- ասում է Անահիտ Ադոյանը։

Նշում է, որ չի վստահում դատաբժշկական փորձաքննությանը, քանի որ տեղյակ է պատմության, երբ երկու եղբայր միաժամանակ ԴՆԹ անալիզ են տվել, և միանգամից տարբեր վայրերից ստացել են մասունքներ, որը հնարավոր չէր։

Զարմանալի է համարում նաև այն, որ երբ որդին ու ջոկատի մյուս տղաները գնացել են Զանգելան, փորձել են իրենց օգնության հասնել սարի հակառակ կողմում, բայց հետո, մոր խոսքով, գեներալ-լեյտենատ Անդրանիկ Մակարյանը նահանջի հրաման է տվել:

«էդ տղերքը ինձ պատմել են, էդտեղ ինչ-որ մեկը Անդրանիկ Մակարյանին զանգել ա, որ նահանջ ա տվել: Տղերքն ասել են՝ գոնե կրակ վառենք, շեղենք թշնամուն, տղերքը էնտեղ դիրքավորվեն, բայց նահանջի հրաման են ստացել։ Լիքը մութ պատմություն կա էստեղ։ Ստեղ պետություն չկա, ես չգիտեմ՝ որտեղի՛ց իրանք կարողացան ինձ մասունք տան, որ ես լռեմ»,- հուզվում է մայրը:

Անահիտ Ադոյանը սրտնեղած նշում է, որ ցավալի ապրումների հետ մեկտեղ որդու ընտանիքը դժվարին կացության մեջ է։

«Տղաս, որ անհետ կորել ա, հերիք չէ, որ իրեն գործից հեռացրել են, մի հատ էլ աշխատավարձն են կտրել:

Տղաս ընտանիքով առանձին էր ապրում, ունի կին, 2 տարեկան 8 ամսական աղջիկ, հիփոթեքով բնակարան են առել, վարկեր ունեն, պետք ա ամսական գումար վճարվեր, հիմա կամաց-կամաց տոկոսներ են ավելանում: Ես վստահ եմ ու համոզված եմ, որ օրերից մի օր կգան կասեն՝ աղջիկ ջան, գնացե՞լ ա ամուսինդ պատերազմ, լավ ա արել, հիմա էս տունը էլ քոնը չի»,- տագնապած ասում է մայրը: 

Նա հավելում է, որ պետությունից աջակցություն նույնպես չեն ստանում, դիմել է Էջմիածնի քաղաքապետին, որ գոնե սննդով օգնեն որդու ընտանիքին, ապարդյուն:

«Ընդհանրապես չեն օգնում, միայն Արցախից տեղահանվածներին են օգնում։
Ես մեր քաղաքապետին ասում եմ՝ գոնե օգնեք, տանիքը կաթում ա, անձրևը, ջրհեղեղը, որ էս երկու օրը եղան, ամբողջ տանը կաթում ա, ո՛չ գույք ունեն, ո՛չ սնունդ։ Հարսս չի աշխատում, երեխան փոքր է, ես ու ամուսինս ենք օգնում։ Վարկերն էլ օր օրի ավելանում են, չգիտենք՝ ինչ անել»։

Անահիտ Ադոյանի տղայի տան լուսանկարներից

Չնայած վերջին 5 ամիսը տակնուվրա է եղել Ադոյանների ընտանիքի կյանքը, բայց չեն հուսահատվում, հավատով սպասում են որդու վերադարձին:

«Ես առաջին օրվանից ասել եմ՝ հանկարծ իմ դիմաց լաց չլինեք, էնքան հույս ու հավատ ունեմ, որ իմ Վարդանը հետ ա գալու, ես էդպես եմ մտածում, որ իրավունք չունեմ հանձնվելու։ Իմ հույսը երբեք չի մեռնելու, միշտ հույսով սպասելու եմ ու պայքարելու եմ։

Բայց մինչև իր տուն գալը գոնե պետությունը մի փոքր աջակցություն ցույց տար էս ընտանիքին, ահավոր կարիքի մեջ են»,- նշում է Անահիտը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am