Վախի մոդելը. Արամ Աբրահամյան

Վախի մոդելը. Արամ Աբրահամյան
Վախի մոդելը. Արամ Աբրահամյան

«Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ-ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր»: Նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին, որը, ճիշտ է, արտահայտված է պայմանական եղանակով, բայց ենթադրում է մեր դաշնակցի մեջ վայրագ քինախնդրության բարդույթներ: Եթե Ռուսաստանի «ջատագովների» այդ ենթադրությունը ճիշտ է, […]

«Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ-ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր»: Նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին, որը, ճիշտ է, արտահայտված է պայմանական եղանակով, բայց ենթադրում է մեր դաշնակցի մեջ վայրագ քինախնդրության բարդույթներ: Եթե Ռուսաստանի «ջատագովների» այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել:

Ռուսաստանն ընկալում է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն եւ խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին: Նա հնարել է ԵՏՄ-ն՝ իր մոլորյալ «հպատակներին» կարգի հրավիրելու համար: Նույն մտածողության արտահայտությունն է: «Հայրը» ջղայնանում եւ պատժում է «սխալ վարք» դրսեւորած իր զավակներին:

Գերմանացի փիլիսոփա եւ հոգեբան Էրիխ Ֆրոմը, ի թիվս այլ երեւույթների, հետազոտում էր հոգեբանական ադապտացիայի (հարմարեցման) խնդիրները: Ըստ այդմ, հարմարեցումը կարող է լինել ստատիկ, երբ մարդու մոտ նոր սովորություններ են առաջանում, բայց բնավորությունը մնում է նույնը: Իսկ դինամիկ ադապտացիան Ֆրոմը նկարագրում է երեխայի օրինակով, որը ենթարկվում է խիստ հորը: Ճնշված թշնամանքը, որը զարգանում է հոր նկատմամբ, դառնում է հենց բնավորության գործոն: «Այն կարող է մեծացնել երեխայի վախը հորից եւ բերել ավելի մեծ ենթարկվածության, իսկ կարող է նաեւ առաջացնել անառարկայական ընդվզում կյանքի դեմ ընդհանրապես»,- գրում է Ֆրոմը, որը, ինչպես հայտնի է, զարգացնում էր Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության գաղափարները, այսպես ասած, «սոցիալական կտրվածքով»:

Ահա այս՝ «խիստ հորից վախը» կոչվող նեւրոզի քաղաքական արտահայտությունն են վերը նկարագրված երկու դատողությունները, որոնք բնորոշ են մեր քաղաքական վերնախավին եւ հասարակության մեծամասնությանը: Վախն ու ճնշված թշնամանքը, ինչպես տեսաք, փոխկապակցված երեւույթներ են եւ հանգեցնում են ապակառուցողական մթնոլորտի:

Մեխանիզմն այստեղ շատ թափանցիկ է. եթե դու «քո տրամադրության տակ» ունես մարդկանց, որոնք քեզնից կախված են՝ լինեն նրանք երեխաներ, թե աշխատանքի բերումով ստորադասներ, դու նույնպես քեզ կպահես «խիստ հոր» նման, որը պետք է վախ ներշնչի, ինչը եւ ակնկալում ես նրանցից, ումից դու ես կախված: Այսպիսով՝ տարբեր մակարդակներում գործում է վախի մոդելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/04/521713/