Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիները չեն ազատ արձակվելու և որևէ ներում չի նախատեսվում։ Հարցազրույցի ընթացքում France 24-ի լրագրողը նկատել է, որ որպես «բարի կամքի քայլ» հնարավոր է ներում շնորհել և այդ կերպ «թերթել էջը»։
Ի պատասխան այդ դիտարկման՝ Ալիևը կտրուկ արձագանքել է․ «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։
Ալիևը նաև նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվել է, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել։ Նրա խոսքով՝ պահվող անձինք պատասխանատվության են ենթարկվում ծանր հանցագործությունների համար, և դատավարությունները, ըստ Բաքվի, անցկացվել են «թափանցիկ» կերպով։
Հայկական կողմը նրանց համարում է ռազմագերիներ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները շարունակում են ներկայացնել նրանց որպես «սեպարատիստական կառույցի ղեկավարներ»։ Հարցազրույցում Ալիևը փաստացի բացառել է որևէ քաղաքական կամ հումանիտար քայլ, որը կարող էր հանգեցնել նրանց ազատ արձակմանը։


















