ԼՂՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է Ռոբերտ Բրադկեին եւ Հովարդ Բերմանին

ԼՂՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է Ռոբերտ Բրադկեին եւ Հովարդ Բերմանին
ԼՂՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է Ռոբերտ Բրադկեին եւ Հովարդ Բերմանին

ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ից աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ նահանգներ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ-ից, սեպտեմբերի 28-ին Ղուլյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին:
«Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, միջնորդների կողմից նախատեսվող գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործման մասին»,- տեղեկացնում  է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն նաեւ այցելել է Միացյալ Նահանգների Կոնգրես, որտեղ հյուրընկալվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին:

«Կոմիտեի նախագահ Բերմանը գոհունակություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ իր առաջին հանդիպման առթիվ եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս ուշադրության կենտրոնում պահել Արցախին վերաբերվող խնդիրները` նպատակ ունենալով շարունակել ԱՄՆ կողմից Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված քաղաքականությունը»,- նշված է ԼՂՀ տարածած  հաղորդագրության մեջ:

Նույն օրվա երեկոյան Կոնգրեսի սրահներից մեկում տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որը նախաձեռնել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոուն եւ Մարկ Կըրքը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ կոնգրեսականներ:

© Medialab.am