Արծվանիստ համայնքում ավարտվել է իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկը

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքում հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊԸ տնօրեն Ավետիք Ավետիսյանի՝ շինարարությունը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջերից ու այժմ գտնվում է ավարտական փուլում:

«Ծրագրի շրջանակներում կառուցվել է 1 աղբյուրակապ եւ երկու կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում օրվա կարգավորիչ ջրամբար մուտք գործող ջրի քանակությունն ավելացել է շուրջ 10 լիտր վայրկյանով: Այժմ համայնքի բոլոր տնտեսություններին արդեն ջուր է մատակարարվում նորակառույց ջրատարով»,- ներկայացրեց ՍՊԸ տնօրենը:

Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին արդեն Արծվանիստի բոլոր թաղամասերում, շնորհիվ այդ ծրագրի՝ իրականացվում է շուրջօրյա ջրամատակարարում:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։