Առավոտյան փորձել են առաջխաղացում անել, մենք հակագրոհի ենք անցել, ազատագրել մեր դիրքերը, հակառակորդի տեմպը կոտրվում է. Վահան Բադասյան

Լուսանկարը՝ «Առավոտ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարոն Բադասյան, ի՞նչ վիճակ է այս պահին առաջնագծում:

– Հակառակորդին ամբողջովին կանգնեցրել ենք, որոշ տեղերում հետ վերցրել դիրքերը: Հակառակորդի առաջխաղացումը կասեցված է, թափը կոտրված է: Այսօր ուղղություններից մեկում մեծ մասշտաբի զրահատանկային հարձակում եղավ, և առնվազն 12 ծանր տանկ է խոցվել: Հիմա կարող է ավելացած լինել: 

– Նախորդ անգամ ասում էիք, որ երկրորդ գծից ենք կռվում: Մեզ հաջողվե՞լ է առաջանալ դեպի առաջնագիծ: 

– Տեղ-տեղ, այո, եկել ենք, բայց ոչ ամբողջովին: Ամբողջովին դեռ վերականգնված չէ: 

– Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար:

– Դա չգիտենք, զարգացումները ցույց կտան: 

– Իսկ գիշերն ինչպե՞ս է անցել:

– Գիշերը հանգիստ է անցել: Ես դեռ երեկ էի ասել, որ հակառակորդի տեմպը կոտրվում է: Առավոտյան փորձել են առաջխաղացում անել, մենք հակագրոհի ենք անցել, տեղ-տեղ ազատագրել, հետ վերցրել մեր դիրքերը: Հիմա շարունակվում է հրետանային փոխհրաձգությունը, բայց՝ դիրքային:

– Կարո՞ղ ենք ասել, որ նախորդ 3 օրերի համեմատ այսօր համեմատաբար հանգիստ է առաջնագծում:

– Երեկ էր հանգիստ: Այսօր փորձել են առաջխաղացում կատարել, բայց կոշտ հակազդեցության են հանդիպել:

Մանե Հարությունյան

MediaLab.am