«Հայաստանում տեղի են ունենում այնպիսի դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում երկիրը բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու». իրավապաշտպան

«Հայաստանում տեղի են ունենում այնպիսի դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում երկիրը բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու». իրավապաշտպան
«Հայաստանում տեղի են ունենում այնպիսի դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում երկիրը բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու». իրավապաշտպան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու որոշումը փաստեց, որ նրա գործում քաղաքական ենթատեքստ կա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Ե՛վ Անդրիաս Ղուկասյանը, և՛ Կարո Եղնուկյանը, և՛ բոլոր նրանք, ովքեր ոչ թե ուղղակի, այլ միայն միջնորդավորված առնչություն ու մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» գործին կամ այդ օրերին պարզապես մասնակցել են բողոքի ակցիաներին, անօրինական են կալանավորվել: Նրանց բոլորի նկատմամբ կիրառված խափանման միջոցներն անօրինական էին, ի կատար էին ածվել Սերժ Սարգսյանի հանձնարարականով: Այսօր չկա Սերժ Սարգսյանը, բնականաբար, վերացվում են այդ խափանման միջոցները»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց բավարարել փաստաբաններ Կարեն Մեժլումյանի և Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին: Մինչդեռ նույն այդ դատարանն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր միջնորդությունը: Այսօր Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 30-ին՝ Սարի թաղի հայտնի դեպքերի գիշերը: Այնուհետև նա կալանավորվել էր և մոտ 2 տարի անազատության մեջ էր:

Ղուկասյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ զանգվածային անկարգությունների կոչ էր արել քաղաքացիներին, նրա կոչերի հիման վրա, ըստ գործի նյութերի, ցուցարարները քարերով հարվածել էին ոստիկաններին: Դրա հետևանքով, ըստ մեղադրանքի, տուժել է մոտ 40 ոստիկան: Անդրիաս Ղուկասյանը, ըստ մեղադրանքի,Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՊԾ գնդում պատանդ պահված ոստիկանների գործով, ինչը փաստաբան Կարեն Մեժլումյանը աբսուրդ էր որակել:

Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո Անդրիաս Ղուկասյանը ասել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, այսուհետ ոչ ոք չի կարող իշխանությունը բռնազավթել: Նա նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարը:
«Ես կալանավորվեցի այլ Հայաստանում, ազատ եմ արձակվում բոլորին այլ Հայաստանում»,- նշել է նա:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ուշադրություն է հրավիրում նաև ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանի գործի վրա, ով նույնպես անազատության մեջ է: Նրա խոսքով՝ Եղնուկյանի գործը արհեստականորեն կցել են «Սասնա ծռերի» գործին, որպեսզի նա հնարավորինս երկար մնա կալանավայրում: Հաջորդ քայլով, ըստ իրավապաշտպանի, պետք է ազատ արձակվեն բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հայացքների ու ծավալած հասարակական-քաղաքական գործունեության համար են հայտնվել բանտերում:

«Հաջորդ քայլը պետք է պայմանավորված լինի ոչ թե Սերժ Սարգսյանով կամ ՀՀԿ-ով, այլ իշխանափոխությամբ: Առաջին հերթին պետք է ազատ արձակվեն բոլոր այն քաղբանտարկյալները, ովքեր կալանավայրերում են հայտնվել իրենց ծավալած հասարակական-քաղաքական գործունեության համար: Ես չեմ կարող թվարկել, թե ով պետք է հաջորդի Անդրիասին, նրանք բոլորը առաջինն են, բացի նրանցից, ովքեր առնչություն ունեն բռնությունների ու սպանությունների հետ: Մնացած բոլորը առաջին համարի տակ են»,- ասում է Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանը հավելում է, որ «այս օրերին Հայաստանում տեղի են ունենում այնպիսի մեծ, դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքում, անկասկած, երկիրը մոտ ապագայում բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու»:

«Հույս ունենանք, որ լավ իրավիճակում է հայտնվելու, դա իհարկե չի նշանակում, որ դժգոհություններ ու բողոքներ չենք ունենալու: Բայց չենք ունենալու այն Հայաստանը, որն ունեցել ենք մինչև այսօր»,- հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am