Ռեկորդային թվեր՝ Վրաստանում․ «Կորոնավիրուսի տարածման պատճառ կարող է լինել այն, որ մարդիկ թուլացրել էին զգոնությունը»․ Լրագրող

Վրաստանում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն է տարածվում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվում, ինչը նոր ռեկորդ է համարվում Վրաստանի համար։ «Մեդիալաբի» հետ զրույցում «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորիկ Գասպարյանն ասում է՝ վարակի տարածման պատճառ կարող է լինել այն, որ մարդիկ թուլացրել էին զգոնությունը, սահմանափակումները հանվել էին երկրում։ Ներկայում սահմանափակումները վերականգնվում են, բայց ոչ այն խստությամբ, ինչ կար գարնանը։

«Գարնանն ընդամենը մեկ դեպքի համար ամբողջ Մարենուլին կարմիր գոտի հայտարարվեց։ Իսկ հիմա նման դեպքեր կան Վրաստանի տարբեր տարածքներում, բայց նախկին սահմանափակումները չեն կիրառվում»,- «Մեդիալաբին» ասում է Նորիկ Գասպարյանը։

Ըստ նրա՝ վարակի դեպքերըը գնալով ավելանում են, և նոր դեպքերը գրանցվում են հիմնականում Աջարիայում, այսինքն՝ ծովափնյա շրջաններում։

«Վարակի թվերն ավելանում են Արևելյան Վրաստանի տարածքում, որտեղ Քոբուլեթիից ու Բաթումից հանգստացողներն են վերադառնում։ Օրինակ՝ դեպք կար, որ անձը վերադարձել էր, հասանիքի էր մասնակցել, հարսանիքից հետո 5 տարբեր վարակի օջախներ էին ձևավորվել։ Դրա համար որոշում է կայացվել հարսանիքների և այլ միջոցառումների մասնակիցների թիվը սահմանափակել»,- «Մեդիալաբին» ասում է Նորիկ Գասպարյանը։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է։

Վրաստանում սեպտեմբերի 11-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 87 վարակված: Դրա նախորդ օրը գրացված դեպքերի թիվը 57 էր։ Տեղի իշխանությունները նոր սահմանափակումներ են սահմանում։     Վրաստանի համաճարակաբանները ևս խոսում են այն մասին, որ երկրորդ ալիք է սպասվում։

Սեպտեմբերի 10-ից Վրաստանում հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ սոցիալական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

Նորիկ Գասպարյանի խոսքով՝ վարակի թվերի աճը ամիսներ առաջ սահմանափակումները թուլացնելու որոշման հետևանք է։

«Այն ժամանակ, երբ քիչ վարակակիրներ էին գրանցվում, սահմանափակումները շատ լուրջ էին։ Նույնիսկ օրեր կային, երբ մարդկանց տեղաշարժը սեփական ավտոմեքենայով արգելված էր։ Նախկինում տուգանքներն էլ էին շատ բարձր, ֆիզիկական անձանց դեպքում՝ մոտ 1000 դոլարի չափ, իրավաբանական անձանց համար՝ ավելի շատ։ Հիմա մանրամասն չգիտեմ, թե ինչ տուգանքներ են գործում։ Ինձ թվում է՝ ժողովուրդը թուլացել էր, և ստացանք այն, ինչ ստացանք՝ ամեն օր թվերի նոր ռեկորդ է սահմանվում»,- ասում է նա։

Նորիկ Գասպարյանի խոսքով՝ երբ գարնանը սահմանափակումներ կիրառվեցին Վրաստանում, տնտեսությանը լուրջ վնասներ են հասցվել։ Այս տարվա համար կանխատեսվում է, որ Վրաստանում 4 տոկոս տնտեսական անկում կգրանցվի։ «Բայց առաջին 7 ամսում արդեն մոտ 5,8 տոկոս է տնտեսական անկումը։ Եվ, ինձ թվում է, որ նաև հենց այս պատճառով է, որ հիմա ավելի խիստ սահմանափակումներ չեն կիրառվում»,- նշում է նա։

Թեև մի շարք սահմանափակումներ են գործում երկրում, բայց ընտրարշավը չդադարեցնելու մասին որոշում է ընդունվել։

«Հատկանշական է, որ նախընտրական շրջան է, բայց արդեն հայտարարեցին, որ սահմանափակումները չեն վերաբերում քարոզարշավին։ Այսօրվա դրությամբ ընտրությունների հետաձգման մասին տեղեկություն չկա, ընդհակառակը, կառավարությունը հայտարարում է, որ չեն հետաձգվելու ընտրությունները։ Խոսվում է այն մասին, որ առանց կարանտին անցնելու, միջազգային դիտորդները կարող են գալ և վերահսկողություն իրականացնել։ Բայց սահմանափակումները նորից են մտցվում, և կոնկրետ արդեն խոսվում է երկրորդ ալիքի մասին»,- ասում է Նորիկ Գասպարյանը։ Ավելին, նրա խոսքով, երկրում արդեն ենթակառուցվածքային ծրագրեր են հետաձգվում։ Եվ որոշում է կայացվել, որ որոշ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված գումարներն ուղղվել են Covid-ի դեմ պայքարին։

Վրաստանում այս տարի միջազգային զբոսաշրջության ոլորտը գերթե չի գործել։ Նորիկ Գասպարյանի խոսքով՝ արտերկրից շատ քիչ զբոսաշրջիկներ են այս տարի այցելել երկիր։ Վերջին տվյալներով՝ այս տարի Վրաստան այցելել է ընդամենը 750 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին այս ժամանակահատվածում արդեն մի քանի միլիոն զբոսաշրջիկ էր այցելած լինում։

«Զբոսաշրջության ոլորտը շատ վատ վիճակում է հիմա, աշխատում է միայն ներքին տուրիզմի ուղղությունը։ Արտերկրից զբոսաշրջիկներ չենք էլ սպասում, Վրաստանի սահմանը ներկայում բաց է միայն եվրոպական հինգ երկրների հետ։ Սահմանը փակ է մնում այն երկրների հետ, որտեղից հիմնականում զբոսաշրջիկներ էին գալիս Վրաստան՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am