«Իմ քայլը»-ի պատգամավորները կստեղծեն բիզնեսի խնդիրների արագ արձագանքման աշխատանքային խումբ

Հեղինակ MediaLab

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: 

«Մենք՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, նաև մյուս հանձնաժողովների՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներով, որոնք զբաղված են տնտեսության հարցերով, քննարկել և որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ: Այսինքն կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են, կլինի՝ շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված»,-ասաց պատգամավորը: 

Նա վստահեցրեց՝ փորձելու են այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաև ընդդիմադիր գործընկերներին:Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում: 

Թունյանը նաև կոչ արեց պետական մարմինների աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ: «Այս փուլում և ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը  բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,-ասաց Թունյանը: