Կառավարությունն ընդունեց Արտակարգ դրության ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու որոշում

Հայաստանի կառավարությունն արտահերթ նիստում hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշումն ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մի մասը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։

Բացի այդ, արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը: Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո։

«Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-պարզաբանում է նախարարը: