Հայրենիքի փրկության շարժման անդամները հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ:

Նա նշեց, որ չեն տրվելու որևէ սադրանքի՝ հավելելով, որ իրավապահները պարտավոր են կասեցնել սադրանքի բոլոր փորձերը: «Իրավապահները՝ որպես ուսադիր կրող, որպես հայրենիքին  ծառայելու երդում տված, ռազմական դրության այս պայմաններում պարտավոր են կանգնել բարձրագույն հրամանատարական կազմի, հայոց բանակի գեներալների գնդապետների, գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալների, կորպուսների հրամանատարների կողքին և միանալ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին»,- նշեց Մանուկյանը:  

Գեղամ Մանուկյանը դիմեց նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով կանգնել բանակի հրամանատարական կազմի կողքին:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր ականատես են եղել հայոց բանակի՝ իր ժողովրդի թիկունքին կանգնելու հայտարարությանը՝ շեշտելով, որ աջակցում են հայոց բանակին: