«Իրենք օրը 20 անգամ բռնաբարում են այս ժողովրդի վստահությունը». Հովհաննես Սահակյանը` ձայնագրության եւ ընդդիմության մասին

Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնի ձայնագրմանն անդրադարձել է նաեւ իշխանական՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա եւս, ինչպես Ստեփան Սաֆարյանն, անդրադարձել է զրույցի ժամանակ մասնավորպես Զուրաբյանի խոսքում հնչած մարտիմեկյան գնահատականներին: Ըստ նրա՝ այն շեշտադրումները, տոնայնությունը, որ արտահայտում են կողմերը. «գալիս է եւս մեկ անգամ հավաստելու, որ մեր այդ այսպես կոչված՝ ընդդիմադիր, ես կասեի՝ «վայ ընդդիմադիր» հատվածը առնվազն ազնիվ չէ ժողովրդի հետ»:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված եւ մեծ աղմուկ բարձրացրած գաղտնի ձայնագրության մեջ Զուրաբյանը Օսկանյանին ասել է, թե ՀԱԿ-ը  կարողանում էր ինչ-որ ձեւով ասել, որ «դե մարտավարություն ա` ԲՀԿ-ի հետ կարանք մենք գնանք սենց բաների, չնայած իրենք էլ են` հա` Մարտի 1, չգիտեմ ինչ, բան…, հիմա, հարցեր կան` ավելի լավ է` ռեժիմից պոկենք, սա հաջողվել ա էս ընթացքում, բայց, եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ»:

«Եվ իրենց, այսպես ասած, քաղաքականության «մեխ» հանդիսացող «Մարտի մեկի » մասին նմանատիպ արհամարհական վերաբերմունքն ու արտահայտությունները, գալիս են ապացուցելու, որ Լեւոն Զուրաբյանի այն խոսքերը, որ մենք Սահմանադրությունն ենք բռնաբարել, եւս մեկ անգամ վկայում է, որ իրենք օրը 20 անգամ բռնաբարում են այս ժողովրդի վստահությունը»,- ասում է Սահակյանը` անդրադառնալով Զուրաբյանի վերը նշված խոսքերին:

Երեկ համացանցում Զուրաբյան-Օսկանյան խոսակցության գաղտնի ձայնագրության տարածումից հետո, Զուրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ «ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս»:

Նա մեղադրել էր ԱԱԾ-ին`գաղտնալսելու եւ ձայնագրությունը տարածելու մեջ:

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից»,-ասել է նա հայտարարության մեջ:

Սահակյանը նշում է, որ իր համար դեռ խնդիր է, թե ով է այդ ձայնագրությունը կատարել.

«Երրորդ մարդ, կողմերից մեկը, թե՞ ԱԱԾ-ն, ինչպես նշում է Լևոն Զուրաբյանը»,– ասում Սահակյանը՝ եւ հավելում, որ գերադասում է այդ խնդիրը թողնել պատկան մարմինների լուծմանն ու պարզաբանմանը:

Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրուցյում Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն էլ այսօր հերքել է Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքը՝ ասելով, որ ԱԱԾ-ն դրա հետ առնչություն չունի եւ բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն:

© Medialab.am